Միջազգային

Վրաստանի նախագահը հակակառավարական հանրահավաք է հրավիրել

Եվրախորհրդարանի՝ Վրաստանին քննադատող բանաձևից հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրապարակավ քննադատել է կառավարությանը ԵՄ-ին Վրաստանի անդամակցության թեկնածության գործընթացը «խաթարելու» համար: Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 14-ի երեկոյան իր կեսժամյա հայտարարության մեծ մասը նվիրել է Վրաստանի ԵՄ անդամակցության ապագայի վերաբերյալ անցած շաբաթ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի մասին Վրաստանի կառավարությանը և իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը խրատներ տալուն։

Զուրաբիշվիլին ասել է, որ կառավարությունը «խաթարել է» իր առաքելությունը՝ սատարելու երկրի ԵՄ անդամակցության թեկնածությունը: Եվրախորհրդարանի բանաձևի ընդունումից անմիջապես հետո Զուրաբիշվիլին վերադարձել է Բրյուսելից՝ պնդելով, որ իր կառավարությունը հերթական անգամ իրեն թույլ չտվեց այցելել եվրոպական մայրաքաղաքներ, ինչը նա ձգտում էր անել ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու նպատակով Վրաստանին աջակցելու արշավի շրջանակում։

Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ հունիսի 17-ին առաջարկություն կներկայացնի ԵՄ երկրներին, իսկ վերջնական որոշումը կկայացվի հունիսի 23-24-ը։

Իր ելույթում Վրաստանի նախագահը վրացիներին կոչ է արել հունիսի 16-ի երեկոյան մեկ ժամով հավաքվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող Եվրոպայի հրապարակում և իրենց աջակցությունը հայտնել Վրաստանի ԵՄ ձգտումներին։