Վերլուծություն

Հեղափոխականներ՝ արտերկրից

Քաղաքական դաշտում ինչ-որ տարօրինակ տենդենց է սկսվել. հիմա էլ ընդդիմադիր ներկայանալու և հասարակությանը փողոց դուրս հանելու, կոնկրետ գործողությունների դիմելու մասին հայտարարում են մարդիկ, որոնք գտնվում են արտերկրում։ 

Այստեղ, իհարկե, այդ անձինք կուսակցություններ են հիմնել, ենթադրվում է՝ համակիրների որոշ բանակ ունեն, և այդ պրոցեսները փորձում են կազմակերպել ու ղեկավարել հեռվից։

Եկեք ընդունենք, որ տեղի ունեցողը նորմալ չէ, մեղմ ասած՝ անազնիվ է. մարդիկ «թնդանոթի միս» չեն, որոնց դուրս հանեն փողոցներ, ոստիկանների հետ բախումների դրդել, բայց կազմակերպիչներն՝ իրենք, արտերկրում տաքուկ նստած վայելեն կյանքը՝ ակնկալելով, որ իշխանափոխության դեպքում կվերադառնան Հայաստան՝ «հաղթածի կարգավիճակով», վայելելով արդեն իշխանության պտուղները։ 

Այս գործելաոճը, թերևս, հիշեցնում է սփյուռքի պսեվդոհայրենասիրությունը։ Նկատած կլինեք՝ արտերկրից ինչպես են պարբերաբար ռազմատենչ գրառումներ անում, պատերազմական կոչեր հնչեցնում՝ շատ լավ իմանալով, որ պատերազմի ժամանակ ռազմադաշտ իրենք չեն մեկնելու և իրենք չեն զոհվելու թշնամու գնդակից։ 1991թ. ԳԽ նիստում Տեր-Պետրոսյանն այսպիսի դիտողություն էր արել՝ ՀՅԴ-ականներից մեկի դիտարկմանն ի պատասխան. «Վաղն ևեթ հաղորդեք արտասահմանի թերթերում, որ Փարիզում և Նյու–Յորքում նարինջ ուտող հայն իրավունք չունի մեզ քաղաքականություն թելադրել, որովհետև ԼՂ-ում և Հայաստանում ոչ թե փարիզցին է զոհվում, այլ հայաստանցին: Հայաստանցի երեխան է այստեղ սովից մեռնում»:

Վերադառնանք քաղաքական դաշտ. համաձայնվեք՝ իսկապես տհաճ է գործելաոճը, որ ականատես ենք լինում Հայաստանում։ Բայց սա նաև իր պատճառներն ունի. տիտղոսային ընդդիմությունը, որ խորհրդարանում լինելու մանդատ ստացավ, խոստացել էր «մինչև քոքը մաշեցնել», հետո փողոցից ԱԺ վերադարձան իրենց «օրակարգով», այն է՝ վարչապետին անվստահություն հայտնելը, բայց, ինչպես տեսնում եք, անգամ իմպիչմենտի նախաձեռնություն չսկսեցին, ուր մնաց՝ պրոցեսներ գեներացնեին։ Ասել է, թե խորհրդարանական ընդդիմությունն իսպառ ձախողվել է, և հիմա արդեն «փողատեր» այլ ուժեր են փորձում լցնել դաշտը։ Այլապես, ինչպե՞ս մեկնաբանել, օրինակ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գործողությունները՝ հեռվից կուսակցություններ ստեղծելը, պարբերաբար հարցազրույցներ տալն ու գործողություններով սպառնալը։ Նույնը կարելի է ասել նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ «Քեթրինի Միհրանի» մասին, որը ՀՀ-ում գտնվելով հետախուզման մեջ, հեռվից կուսակցություն հիմնեց ու կրկին նույն գործելաոճն է որդեգրել։

Իսկ կուսակցությունները, որոնք իսկապես քաղաքական միտք են գեներացնում, իսկապես քաղաքական օրակարգի մասին խոսում, մղվել են երկրորդ, երրորդ պլան, և նրանց ասելիքը ոչ միշտ է լսվում, իսկ ռեսուրսները ոչ միշտ են բավականացնում քաղաքական պրոցեսներ գեներացնելու համար։

Այնպես որ, տեղի ունեցողը խոսում է հայաստանյան քաղաքական դաշտի՝ մեղմ ասած վատ վիճակի մասին։ Դաշտ, որի փոշիացման ուղղությամբ տարիներ շարունակ հետևողական ջանքեր են գործադրվել, ու հիմա այդ ամենը սկսել է իր վատ «պտուղները տալ»։ 

Արման Գալոյան