Հարցազրույց

«Հոգևոր իշխանությունն իրավունք չունի մասնակցել քաղաքական գործընթացներին». քաղաքագետ

Եկեղեցու սպասավորները և Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը երկրում կատարվող այս կամ այն գործընթացների մասին, սակայն այն, ինչ կատարվում է Տավուշում, եթե եկեղեցականները ցանկանում են մասնակցել, ապա անհրաժեշտ է հանել եկեղեցականի հագուստը՝ վեղարը. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն՝ անդրադառնալով Տավուշում ընթացող գործընթացներին և դրանց եկեղեցականների մասնակցությանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ եթե Բագրատ Գալստանյանը հայտարարում է, որ Ոսկեպարում ծածանվում է ադրբեջանական դրոշը, որ հանվել է հայկական դրոշը, այդ սուտը հնչեցնելուց առաջ պետք է այդ վեղարը հաներ և չխոսեր եկեղեցու անունից․

«Սա համարում են անթույլատրելի, որովհետև առանց այդ էլ Հայ առաքելական եկեղեցու այսօրվա իմիջն այնքան էլ լավ վիճակում չէ։ Եվ այսպիսի գործողություններով, սուտ լուրեր տարածելով և դա տարածելով եկեղեցականի անունից, հոգևորականի հագուստով, հերթական հարվածն ես հասցնում եկեղեցուն։ Եվ սա, որպես հավատացյալ մարդ, որպես քաղաքացի, ինձ համար անընդունելի է»։

Ստեփանյանի դիտարկմամբ՝ եկեղեցին չպետք է մասնակից լինի քաղաքական գործընթացներին. «Եկեղեցին չպետք է ներգրավված լինի քաղաքական գործընթացներում, քանի որ մեր երկրում, որքանով գիտեմ, դա նախատեսված է օրենքներով՝ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները տարանջատված են, և հոգևոր իշխանությունն իրավունք չունի ինստիտուցիոնալ մակարդակով մասնակցել քաղաքական գործընթացներին։ Կարծում եմ՝ սա բոլորին է հայտնի և նաև հայտնի պիտի լինի մեր հոգևոր հայրերին։ Իսկ ինչ վերաբերում է Տավուշի բուն գործընթացներին, դրանք բավականին դեստրուկտիվ են, վտանգավոր մեր պետականության և ինքնիշխանության համար, քանի որ այդ պրոցեսներում մասնակցող մարդիկ (խոսքը տավուշցիների մասին չէ, այլ նրանց, որոնք Երևանից գործուղվել են), ցավով եմ ասում՝ նաև եկեղեցականները, սպասարկում են այլ երկրի, կոնկրետ՝ Ռուսաստանի շահը։ Եվ սա շատ վտանգավոր է և Հայաստանի համար լավ բան չի պարունակում»։