Միջազգային

«Բորժոմիի» սեփականատեր կդառնա Վրաստանի կառավարությունը

Վրաստանի կառավարությունն ավարտել է «Բորժոմի» հանքային ջրերի շշալցման գործարանի սեփականատեր ընկերության բաժնետոմսերի փոխանցման շուրջ բանակցությունները։ Կառավարությունը կդառնա ձեռնարկության համասեփականատեր։ Այդ մասին երկուշաբթի օրը կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա նշել է, որ բաժնետոմսերի փոխանցման գործարքը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին։ Վրաստանի կառավարությունն այդ հարցով խորհրդակցել է Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ։

Ղարիբաշվիլին անդրադարձել է նաև «Բորժոմի»-ի աշխատողների գործադուլին, որոնք մայիսի 31-ից պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ այն բանից հետո, երբ պետությունը պաշտոնապես կդառնա ընկերության համասեփականատեր, բոլոր խնդրահարույց հարցերը կլուծվեն։