Միջազգային

ԵՄ կողմից Ուկրաինային հատկացվող լրացուցիչ 500 մլն եվրո օգնությունը կուղղվի տանկեր և հրետանի գնելու համար

Եվրամիության կողմից Խաղաղության եվրոպական հիմնադրամի հաշվին Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ 500 միլիոն եվրոյի օգնությունը կօգտագործվի ծանր սպառազինություն՝ տանկեր և հրետանի գնելու համար: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Մեծ Յոթնյակի (G7) ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ երկրները կարող են ֆինանսավորել Ուկրաինային ռազմական ինքնաթիռների մատակարարումը, Բորելն ասել է. «Ոչ, 500 միլիոն եվրոյով անհնար է շատ ինքնաթիռներ մատակարարել, այդ միջոցները կուղղվեն այս տեսակի պատերազմի համար անհրաժեշտ ծանր սպառազինություն ձեռք բերելուն»։

Բորելը նաև կոչ է արել G7 երկրներին՝ ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, կիրառել նոր պատժամիջոցներ, փորձել մեկուսացնել Ռուսաստանին համաշխարհային ասպարեզում և «միասնական ճակատ ստեղծել՝ Ուկրաինային աջակցելու համար»։