Միջազգային

Պուտինն ու Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 28-ին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հեռախոսազրույց են անցկացրել:  «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է երեկ Թուրքիայում տեղի ունեցած կալանավորների փոխանակման, ինչպես նաև Ուկրաինայի հետ կապված իրադարձությունները», - ասվում է Կրեմլի տարածած հայտարարության մեջ: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի՝ ամերիկացի ծովային Թրևոր Ռիդի հետ փոխանակման համար, որը տեղի է ունեցել նախօրեին Թուրքիայում։

Թուրքիայում ապրիլի 27-ին  փոխանակել են 2019թ. օգոստոսի 15-ին ՌԴ-ում ոստիկանության հետ վիճաբանության արդյունքում ձերբակալված ԱՄՆ ծովային կորպուսի նախկին զինծառայող Թրևոր Ռիդին և 2011թ. Լիբերիայում ձերբակալված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանով ԱՄՆ տեղափոխվելուց հետո 20 տարվա ազատազրկում ստացած ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյին։