Միջազգային

ԱՄՆ-ն և Թուրքիան համագործակցության նոր մեխանիզմ են գործարկել

ԱՄՆ-ն և Թուրքիան երկու երկրների համագործակցության ռազմավարական մեխանիզմ են գործարկում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարությունից։ Մասնավորապես, նշվում է, որ հավատարիմ մնալով նախագահներ Բայդենի և Էրդողանի կողմից 2021 թվականի հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ ստանձնած պարտավորություններին՝ Միացյալ Նահանգները և Թուրքիան ապրիլի 4-ին Անկարայում գործարկել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմը:

Նշվում է նաև, որ ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի քարտուղարի տեղակալ Մարիսա Լագոն ապրիլի 5-6-ն այցելելու է Անկարա՝ ռազմավարական մեխանիզմի շրջանակում տնտեսական ու առևտրային համագործակցության նպատակներն առաջ տանելու համար։ «ԱՄՆ-ն և Թուրքիան անհամբերությամբ սպասում են Ռազմավարական մեխանիզմի շրջանակում նախարարների մակարդակով հանդիպմանն ավելի ուշ 2022թ․»,- ասվում է հայտարարության մեջ։