Միջազգային

Հայաստանը պետք է ընդունի խաղաղության համաձայնագրի մասին Ադրբեջանի առաջարկները. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու Անկարայի մտադրության մասին։ «Մենք ցանկանում էինք այս հանդիպումը կազմակերպել մարտին` Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում: Դա չստացվեց: Բայց առաջարկը բաց է և Բաքուն դեմ չէ այդ հանդիպմանը», - ասել է Չավուշօղլուն թուրքական «A Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Պատերազմն ավարտված է, դրանից դասեր քաղել է պետք։ Կովկասում կայունության հաստատման համար քայլեր պետք է ձեռնարկվեն։ Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք մեր սահմանները։ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Ընտրությունից հետո դրական ազդակներից բացի հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք, որոնք 2 անգամ հանդիպեցին, բայց մշտապես հեռախոսազրույց են ունենում։ Վստահությունն ավելացնելուն ուղղված քայլեր կատարեցինք, թռիչքները վերսկսվեցին»,-հավելել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուն նաև նշել է, որ երկաթուղու վերաբացման համար աշխատանքներ են տարվում, կան նաև քաղաքական շփումներ։ Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ես շատ էի ուզում, որ 3-ով հանդիպենք, բայց դա հնարավոր չեղավ։ Հայաստանն ինքն իրեն մեկուսացրել էր մեր և Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով։ Ամեն ինչ մեկ օրում չի կարող կարգավորվել»,-ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Հայաստանը պետք է ընդունի խաղաղության համաձայնագրի մասին Ադրբեջանի առաջարկները։