Միջազգային

Ռուսաստանը նավթ կվաճառի Հարավարևելյան Ասիայի երկրներին

«Ռուսական նավթի մատակարարման՝ «անկում ապրող» հայտերը կփոխարինվեն Հարավարևելյան Ասիայի երկրների հետ պայմանագրերով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այսպես է նա մեկնաբանել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունները, թե Գերմանիան աշխատում է ամբողջությամբ հրաժարվել ռուսական ածխից և նավթից։ Նրա խոսքով՝ նման մատակարարումներից հրաժարվելը «կարելի է շատ արագ վերականգնել»։ «Արևելքում՝ Հարավ-արևելյան Ասիայում, կա շուկա: Իհարկե, նավթի պատվերների նվազումը կփոխհատուցվի արևելյան ուղղությունից ստացվող պատվերներով»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե ինչպես կարող է այս որոշումը ազդել ռուսական նավթային եկամուտների վրա, եթե մյուս երկրները ևս հետևեն օրինակին:

Պեսկովի խոսքով՝ չի կարելի բացառել, որ որոշ ծավալներ կնվազեն. «Բայց ևս մեկ անգամ կրկնում ենք՝ չէ՞ որ համաշխարհային շուկան շատ ավելի բազմազան է, և միայն եվրոպականը չէ, թեև, իհարկե, եվրոպականը պրեմիում շուկա է։ Կարող են թուլացումներ լինել, բայց որոշակի փոխհատուցման մեխանիզմներ կգործարկվեն»,- ամփոփել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Հիշեցնենք, որ մարտին Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել է մինչև տարեվերջ 67%-ով նվազեցնել ռուսական գազի մատակարարումներից կախվածությունը՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։