Միջազգային

«Ուկրաինայում ստալինգրադներ չեն լինի». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է ռուսական որոշ շրջանակների՝ Ուկրաինայում մինչև վերջ կռվելու կոչերին և նշել որ «ստալինգրադներ չպետք է լինեն»։ «Մեր օրացույցում Ստալինգրադ չկա և չպետք է լինի: Եվ, ամենակարևորը, զգացմունքների տեղ չպետք է լինի: Պրոֆեսիոնալները բանակցում են: Պետք է վստահել նրանց: Ռուսական կողմի դիրքորոշումը հայտնի է, տրամաբանական է, շատ ամուր հիմք ունի և չի փոխվել։ Մենք շարունակում ենք աշխատել։ Իսկ զգացմունքները թողնենք մեր թշնամիներին»,- հավելել է Պեսկովը։ 

Պեսկովը նաև նշել է, որ ռուսական բանակցային խմբի ղեկավար, ՌԴ նախագահի խորհրդական Մեդինսկին այսօր Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի։ 

Դմիտրի Պեսկովը նաև անդրադարձել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումների՝ ռուսական կողմի պահանջին՝ նշելով որ ռուսական գազի համար ռուբլով վճարման հավանականությունը ներկայումս առարկայական չէ, և մարտի 31-ից նոր մեխանիզմները չեն գործի։ Ըստ Պեսկովի՝ այդ գործընթացը ժամանակատար է և հավելյալ կարգավորումների կարիք ունի։ Պեսկովը նաև ընդգծել է, որ Մոսկվան չի կարող լուրջ բեկումներ արձանագրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, և այդ ճակատում դեռ շատ աշխատանք կա անելու։ Ամփոփելով ռուս-ուկրաինական բանակցությունների թեման՝ Պեսկովը շեշտել է, որ պաշտոնական Կրեմլը դրական է համարում, որ ուկրաինական կողմը Ռուսաստանի հետ բանակցություններում սկսել է հստակ ձևակերպել իր մոտեցումները և «թղթի վրա» առարկայացնել առաջարկները։