Միջազգային

Մոլդովայի նախագահը կոչ է արել՝ դուրս բերել ռուսական զորքերը Մերձդնեստրից

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ հանրապետության իշխանությունները միշտ հանդես են եկել չճանաչված Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերման օգտին։

«Մենք միշտ պահանջել ենք դուրս բերել ռուսական զորքերը Մերձդնեստրից և ոչնչացնել զինամթերքը: Մենք շարունակում ենք կոչ անել՝ խաղաղ ճանապարհով լուծել այս հակամարտությունը: Մենք կանենք հնարավորը՝ դիվանագիտական ​​ճանապարհ գտնելու և քաղաքական, խաղաղ լուծում գտնելու համար», - ասել է Մոլդովայի ղեկավարը չորեքշաբթի՝ աշխատանքային այցով Քիշնև ժամանած Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ բանակցություններից հետո, համատեղ մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հռչակագիրը, որում Մերձդնեստրն անվանվում է «ռուսական օկուպացիոն գոտի»։

Ռումինիայի ղեկավարն, իր հերթին, ասել է, որ մերձդնեստրյան հակամարտության լուծումը չպետք է վնասի Մոլդովայի եվրոպական ուղուն. «ԵԽԽՎ-ի բանաձևը քաղաքական հայտարարություն է: Բայց Մերձդնեստրի խնդիրը Մոլդովայի խնդիրն է և պետք է լուծվի այստեղ՝ ճանաչված միջազգային ձևաչափերով՝ հարգելով ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չխախտելով Մոլդովայի եվրոպամետ կուրսը»: Յոհանիսն ընդգծել է, որ Ռումինիայի իշխանությունները «ամեն ինչ կանեն ԵՄ կառույցներին աջակցություն ցուցաբերելու համար՝ կապված Մոլդովայի եվրոպական ուղու հետ»։ Նա միաժամանակ ընդգծել է, որ «այդ ճանապարհը չի կարող հեշտ լինել Մոլդովայի համար»։