Միջազգային

Ֆինլանդիան և Շվեյցարիան իրենց միջնորդությունն են առաջարկել Լավրովին և Բլինքենին

Լոնդոնում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը հավելել է, որ կողմերը նախ պետք է համադրեն իրենց դիրքորոշումները՝ նախքան ընդհանուր օրակարգ ձևավորելը, որի շուրջ հնարավոր կլինի ավելի առարկայական խոսակցություն վարել։

Ֆինլանդիան առաջարկել է իր միջնորդական հարթակը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման կազմակերպման համար։ Շվեյցարիան իր հերթին ևս առաջարկել է միջնորդական դեր ստանձնել Բլինքեն-Լավրով հանդիպման համար։ Այս մասին «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լոնդոնում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը։

«Այժմ ընտրվում է Եվրոպայում Բլինքենի հետ հանդիպման նոր ամսաթիվը: Դեռ չգիտեմ, թե որտեղ, գիտեմ, որ ֆիններն առաջարկել են իրենց ծառայությունները: Հավանաբար, Ժնևը հարմար վայր կլինի՝ այս մասով հերթական հանդիպման համար», - հայտարարել է Կելինը։

Կելինը, անդրադաձնալով հնարավոր հանդիպման բանակցային օրակարգին, նշել է. «Կա երկու կողմ, կան մեր նոր առաջարկները՝ կապված անվտանգության երաշխիքների, Ուկրաինայի տարածքում՝ մեր սահմանների մոտ, հարվածային զենքեր չտեղակայելու և ռազմաքաղաքական իրավիճակի՝ 1997թ. Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտին  վերադարձի հետ։ Դրանք բոլորովին նոր առաջարկներ են, Արևմուտքը պետք է մարսի, որոշ տարրեր, դիրքորոշումներ գտնի»։