Միջազգային

Լավրովն ու Բլինքենը կհանդիպեն հաջորդ շաբաթ

ԱՄՆ Պետդեպից հայտնել են, որ իրենք ընդունել են Մոսկվայի առաջարկած հանդիպման ժամկետները՝ «պայմանով, որ Ռուսաստանը չի ներխուժի Ուկրաինա»։  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատրաստ է հաջորդ շաբաթվա վերջ հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարն` ի պատասխան ТАСС-ի հարցման։

«Պետքարտուղարը, այսօր ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, նշել է, որ դիվանագիտությունն ու երկխոսությունը միակ պատասխանատու ուղին են՝ այս ճգնաժամը լուծելու, և նա առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել արտգործնախարար Լավրովի հետ։ Ռուսական կողմը առաջարկել է հանդիպել շաբաթվա վերջին։ Մենք համաձայն ենք՝ պայմանով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա հետագա ներխուժում չի լինի», - ասվում է Փրայսի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Բլինքենը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը վերաբերում էր Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու՝ Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը, հայտնել էր, որ նամակ է ուղարկել Լավրովին՝ հաջորդ շաբաթ Եվրոպայում հանդիպելու առաջարկով։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն առաջարկում է նաև հանդիպումներ անցկացնել Ռուսաստան-ՆԱՏՕ-ի խորհրդի և ԵԱՀԿ մշտական ​​խորհրդի շրջանակներում. «Այս բանակցությունները կարող են Ուկրաինայում իրավիճակի լիցքաթափման հարցով հիմնական առաջնորդների գագաթնաժողովի համար հիմք հանդիսանալ», - հայտարարել է Բլինքենը: