Միջազգային

Նման պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը երկար դիմադրել չի կարող

Քաղաքական վերլուծաբան Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ Ուկրաինայի դիրքերն այս հակամարտության մեջ ամրապնդվել են:

Radar Armenia-ի հետ զրույցում վելուծաբանն անդրադարձավ ավելի քան մեկ շաբաթ տևող ռազմական գործողություններին և պատասխանելով հարցին, թե ո՞ր կողմի օգտին է աշխատում ժամանակը, նշեց. «Ով ավելի կոշտ է իր մոտեցումներում, ով ավելի քիչ է հակված փոխզիջումների, ենթադրվում է, որ կանխատեսումները ավելի լավն են ու կարծես թե սկզբնական շրջանում՝ առաջին 2-3 օրը, փոխզիջումների ավելի քիչ հակված էր Ռուսաստանը»։

Ղևոնդյանի խոսքով՝ Ուկրաինան այժմ առաջարկում է արմատական մոտեցումներ. «Օրինակ՝ Զելենսկին առաջարկեց չեզոքություն։ Հիմա, կարծես թե, իրավիճակը փոխվել է, ավելի արմատական մոտեցումներ է Ուկրաինան առաջարկում։ Նույնիսկ առաջարկում է Ղրիմից դուրս հանել ռուսական զորքը։ Այսինքն՝ ավելի կոշտ է իր դիրքորոշումներում, ենթադրվում է, որ Ուկրաինայի դիրքերն ամրապնդվել են»։

Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան ռուս-ուկրաինական երկրորդ բանակցություններից, վերլուծաբանը նշեց՝ բանակցություննեը չեն ավարտվի, եթե որևէ կողմ ունի բացահայտ առավելություն. «Պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում մարտի դաշտում։ Տեղեկությունները շատ հակասական են։ Եթե կողմերից մեկը ունի բացահայտ առավելություն, որի մասին չգիտենք, ապա նա ավելի կոշտ դիրքերից հանդես կգա, մյուս կողմն էլ, հավանաբար, չի ընդունի և բանակցությունները, ի վերջո, չեն ավարտվի»։ 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ըստ վերլուծաբանի, դրանք արդյունք տալիս են. «Ռուսաստանը տնտեսապես շատ լուրջ խնդիրների է հանդիպել։ Ռուսաստանում գործող տարբեր տնտեսական ձեռնարկությունների կապիտալի նվազման, սնանկացման, փակման մասին տեղեկություններ են գալիս, ինչը չի կարող երկար շարունակվել և նման պատժամիջոցների պայմաններում որևէ երկիր, առավել ևս Ռուսաստանը, երկար դիմադրել չի կարող»։

Ըստ նրա, «ռուսական փորձագիտական հանրույթը չկարողացավ կանխատեսել այս զարգացումը և ամենայն հավանականությամբ քաղաքական իշխանությանը կանխատեսումներ ներկայացրեց, որոնք չէին ընդգրկում այն իրավիճակը, որ կա այսօր»։

Անուշ Մկրտչյան