Միջազգային

Ռուս-ուկրաինական բանակցությունների 2-րդ փուլն ավարտվեց

Ավարտվել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը․ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

«Ցավոք, չենք ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էինք: Եվ միակ բանը, ինչ կարող եմ ասել՝ մանրակրկիտ քննարկվել են մարդասիրական ասպեկտները, որովհետև շատ քաղաքներ ներկայումս գտնվում են շրջափակման մեջ, դրամատիկ իրավիճակ է սննդի և բժշկական պարագաների հետ կապված»,- ասել է Պոդոլյակը:

«Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են մի շարք հումանիտար հարցերի շուրջ, այդ թվում՝ հումանիտար միջանցքների կազմակերպման համար ժամանակավոր հրադադարի հնարավորության շուրջ»,- ավելացրել է խորհրդականը:

Նա նաև հավելել է, որ կողմերը բանակցությունները կշարունակեն երրորդ փուլում՝ մոտակա ժամկետներում:

Սա կողմերի միջև ձեռք բերված առաջին համաձայնությունն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի՝ ութերորդ օրը շարունակվող պատերազմի ընթացքում։ Մինչ այդ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակները ևս մեկ հանդիպում էին անցկացրել, որն ավարտվել էր անարդյունք։