Հասարակություն

«Հակաճգնաժամային կարգավորման ծրագրի շուրջ քննարկումներ են ընթանում». Գևորգ Պապոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Թադևոս Ավետիսյանն ահազանգում է հակաճգնաժամային կարգավորման ծրագիր ունենալու անհրաժեշտության մասին։ Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նորից ուշանում է օբյեկտիվ իրավիճակին համարժեք հակաճգնաժամային կարգավորման ծրագիրը՝ կանխարգելման բնույթ ունեցող և անդառնալի տնտեսական կորուստները կանխող, այլ ոչ՝ հետևանքների հետևից գնացող»։

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ  խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով այդ հայտարարությանը, հակադարձեց՝ հակաճգնաժամային կարգավորման ծրագրի գործողությունների շարքն սկսված է. «Գործողություններն արդեն իսկ սկսված են, շարունակական կլինեն, պարզապես հիմա մեր պետության ռեսուրսները սահմանափակ են։ Մենք ունենք սահմանափակ քանակով «փամփուշտներ», և, բնականաբար, իրավունք չունենք դրանք օգտագործել՝ պատահական կրակոցների տեսքով»։ 

Պապոյանը նշեց՝ արդյունք տալու համար պետք է ունեցած միջոցները թիրախային կերպով ուղղորդել։

Ըստ պատգամավորի՝ հակաճգնաժամային կարգավորման ծրագիր ստեղծելու շուրջ քնարկումներ ընթանում են. «Կառավարությունում օրական 2-3 աշխատանքային նիստ ենք ունենում։ Ի միջի այլոց, իրավիճակը, կանխատեսումներն այնքան արագ են փոխվում, որ եթե մեկ շաբաթ առաջվա գործողությունների ծրագրով գնայինք, այսօր դրանցից կեսը երևի սխալ դուրս եկած կլիներ»։

Պապոյանն ընդգծեց՝ իրենք փորձում են իրավիճակը ամբողջովին հասկանալ և առավել առարկայական գործել. «Այդ դիտողությունը կարելի է ընդունել, բայց եթե դու ունես սահմանափակ ռեսուրս, պետք է սպասես ամենահարմար պահին։ «Թիրախներ» կան, ուղղակի պետք է ամենահարմար պահը գտնել, որպեսզի ռեսուրսները ճիշտ օգտագործենք։ Մեր պետությունը նավթադոլարներով հարուստ պետություն չէ։ Պատերազմից նոր դուրս եկած պետություն է, որը ունի սահմանափակ միջոցներ»։

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ նման անորոշություններ կան նաև ԵԱՏՄ և եվրոպական երկրներում. «Դեռևս հստակ հակաճգնաժամային ծրագրեր իրականացնող պետություն չգիտեմ։ Բոլորը իրավիճակային լուծումներ են պահանջում այս պահի դրությամբ»։


Անուշ Մկրտչյան