Վերլուծություն

Ընդդիմությունը հիմա էլ անցել է հանրությանը հավատաքննելու գործին

Նարնիայի երկրի մասին անգլիացի գրող Քալվերթ Լյուիսի հեքիաթի հերոսներից փորսուղ Բորովիկն ասում է. «Մենք՝ գազաններս, չենք փոխվում»։ Բորովիկի այս խոսքերը, թերևս, վերագրելի է ներկա հայաստանյան ընդդիմությանը, որը մեկ ամիս է՝ բողոքի ակցիաներ ու երթեր է իրականացնում մայրաքաղաք Երևանում։ Ընդդիմությունը չի փոխվում, չեն փոխվում նրա գործողությունները, տեքստերը, ասելիքը, ուղերձները։ Բայց, ի տարբերություն Լյուիսի հեքիաթի հերոսների, ընդդիմությունը փոխվելու ռեսուրս չունի։

Իսկ ռեսուրս չունենալը պայմանավորված է կոնկրետ այս ուժերի քաղաքական անցյալի առանձնահատկություններով։ Այդ անցյալի ներկա մարմնավորումն այն հայտարարությունն է, որն ընդդիմությունը պատրաստվում է ներկայացնել հունիսի 3-ի ԱԺ արտահերթ նիստին։ Ընդդիմության մոտեցումն այդտեղ կատեգորիկ է՝ կամ իշխանական պատգամավորները համերաշխություն են հայտնում և ստորագրում դրա տակ, կամ, հրաժարվելու դեպքում, հռչակվում դավաճան։ Փորսուղ Բորովիկի արտահայտության պրոյեկտումը ընդդիմության վրա առավել քան հիմնավոր է այս դեպքում։ Քանզի ընդդիմադիր երկու հիմնական ուժերը անցյալ 20 տարիների ընթացքում իշխանություն-հասարակություն հարաբերությունները կառուցել են բացառապես կատեգորիկ իմպերատիվի շրջանակներում։ Այդպիսին էին իշխանություն լինելու պարագայում, այդպիսին են ընդդիմության դիրքում գտնվելիս։ Բայց եթե իշխանություն լինելու պարագայում այդ մոտեցումը ինչ-որ տեղ կարող էր աշխատել և խափանվեց 2018թ., ապա ընդդիմության հիմնական գործը հանրության հետ է, որի հետ աշխատանքի շնորհիվ հաջորդ ընտրություններում, հնարավոր է, ընդդիմությունը դառնա իշխանություն։

Ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստը իրականությունից կտրված տրամաբանությամբ է շարադրված։ Ընդդիմությունը հիանալի գիտի, որ իշխանական պատգամավորները օբյեկտիվորեն չեն կարող ստորագրել այդ հայտարարությունը։ Այն պարզապես հանգեցնելու է պատային իրավիճակի։ Եվ հենց այդ հաշվարկով էլ գրված է դա։ Իսկ դա բացահայտում է ընդդիմության մեկ այլ նպատակ. Արցախը փրկելու կարգախոսով փողոց դուրս եկած ընդդիմությունը ներկայացնում է հայտարարության տեքստ, որի ստորագրումը բերելու է բանակցային գործընթացի խաթարման։ Եվ իմանալով, որ իշխանությունը չի գնա ստորագրման և նման իրավիճակ ստեղծելուն, ընդդիմությունը քաղաքական դիվիդենտներ է փորձելու քաղել դրանից և շահարկելու է, որ իշխանությունը դավաճան է, քանի որ չստորագրեց հայտարարությունը։

Եվ իշխանության, և հասարակության հետ հարաբերվելիս ընդդիմության հիմնական խոսելաձևը պարտադրանքն է։ Ասվածի մերկապարանոց չլինելն ապացուցելի է հենց ընդդիմության բառամթերքի դիտարկման դեպքում։ Նրանք ընդգծում են, որ իրենց ներկայացրած տեքստի հետ համաձայն լինել-չլինելու վերաբերյալ դիրքորոշում պետք է հայտնեն բոլորը, իրենք գնալու են տնետուն, պարզեն դիրքորոշումները։ Եվ դա այնպես է ներկայացվում, կարծես՝ հայտարարությունը վերին ատյանի ճշմարտություն է կամ Սինայի լեռան վրայից Մովսեսի բերած տասնաբանյան։ Այն հռչակվել է հավատաքննության գլխավոր ատյան՝ համաձայնում ես, ուրեմն հայրենասեր ես, մերժում ես՝ դավաճան ես։ Սա հակասում է ժողովրդավարությանը, քաղաքական և բարոյական բոլոր սկզբունքներին։

Ընդդիմության մեկամսյա գործողությունները, արտաբերած տեքստերը, հունիսի 3-ի ԱԺ արտահերթ նիստին ներկայացվելիք տեքստը նրանց քաղաքական կենսագրության առհավատչյան են, խորհրդային նոմենկլատուրայից ժառանգած պարտադրանքի ինստիտուտի մնացուկը։ Եվ, արդեն որպես ընդդիմություն, անփոփոխ մնալով՝ նրանք անդավաճան շարժվում են դեպի քաղաքական անէացում։