Վերլուծություն

Ընդդիմության հանրահավաքի բանաձևը փարիսեցիության աղաղակող ապացույց է

«Հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության» հավակնոտ խորագրով ընդդիմության հանրահավաքը ահազանգում է՝ բրյուսելյան հանդիպումը ՀՀ և Արցախի համար համար անցանկալի ուղով է ընթանալու։ Այստեղ տարօրինակ ոչինչ չէր լինի, եթե հաշվի չառնեինք երկու հանգամանք։ 

Նախ, խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները մերժել են բանակցությունների վերաբերյալ փակ հանդիպման ձևաչափով տեղեկություններ ստանալու՝ իշխանության առաջարկը։ Արցախի ճակատագրով տրաֆարետային մտահոգությամբ ընդդիմությունը մերժել է նույն Արցախի վերաբերյալ բանակցությունների վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկացված լինելու հնարավորությունը։ Ավելին, նրանց առաջնորդներից՝ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ չի կարծում, թե Բրյուսելում փաստաթուղթ է ստորագրվելու։

Արցախի ճակատագրի վերաբերյալ հանրահավաքի կազմակերպիչների կողմից սա ոչ առաջին, ոչ էլ վերջին տարօրինակ դիրքավորումն է։ Այդ առումով հետաքրքրականը հանրահավաքի ընդունած 8 կետանոց «եզրափակիչ բանաձև-հռչակագիրն» է։ 1-ին կետը պահանջում է «հաստատել, որ ՀՀ-ն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով»: Բնականորեն կարող է հարց ծագել, թե ինչպես է տեքստի հեղինակների մոտ ձևակերպվում «անվտանգության երաշխավոր» հասկացությունը, էլ չասած՝ ի՞նչ են ենթադրում «բոլոր բաղադրիչները»։ Այս կետի անկեղծությանը կասկածելու «մեղավորը» ընդդիմադիրների հակասական մոտեցումներն են՝ ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը ապահովելու վերաբերյալ։ Երկու ընդդիմադիր խորհրդարանական կուսակցություններն էլ բազմիցս նշել են, որ ՀՀ անվտանգության հիմնական գրավականը ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների խորացման մեջ է։ Այս պարագայում հարց է ծագում՝  անվտանգության երաշխավորի արտաքին քաղաքական փնտրտուքում ՌԴ-ին այլընտրանք չտեսնող ընդդիմությունը ինչպե՞ս է պատկերացնում Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարության ստանձնումը ՀՀ-ի կողմից, երբ, ըստ նրանց, ՀՀ-ն ինքը կարիք ունի անվտանգության երաշխավորի՝ խուսափելու համար «թուրք-ադրբեջանական սպառնալիքին» կուլ գնալուց։

2-րդ կետում կարդում ենք. «Բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում»։ Սա բանաձևվել է մի քաղաքական ուժի հեղինակությամբ, որի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նախագահության սկզբնական շրջանում ընդունվել էր «ընդհանուր պետության» առաջարկը, որը մեկ պետության սահմաններում միացնում էր Ադրբեջանը և Արցախը։ Երկրորդ նախագահի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն իր հուշերում է անգամ անկեղծացել, որ «ընդհանուր պետության» տարբերակում կային անընդունելի կետեր նաև հայկական կողմի համար, որոնք լուրջ կախման մեջ էին դնում Լեռնային Ղարաբաղին՝ Ադրբեջանից։

4-րդ կետում շարադրված է. «Քայլեր ձեռնարկել՝ 1994թ. ԵԱՀԿ գագաթաժողովում ամրագրված ձևաչափով բանակցային գործընթացի վերականգման ուղղությամբ»։ Թարգմանաբար՝ սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես բանակցող կողմ։ Բարի ցանկություններով այս ճառասացության հետևում թաքնված է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս դրվեց նորից ներկայիս ընդդիմադիր խմբակցության քաղաքական առաջնորդի ձեռամբ։ Առաջ էր քաշվել այն տեսակետը, որ Քոչարյանը արցախցի է, ԼՂՀ առաջին նախագահը, և, որպես ՀՀ նախագահ, ինքը կներկայացնի նաև ԼՂՀ տեսակետները։ Եվ հիմնազուրկ չեն այն մեկնաբանությունները, որ նման մոտեցման արդյունքում պաշտոնական Բաքուն սկսեց միջազգային հարթակներում ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային վեճ։

Եվ, վերջապես, 8-րդ կետում ասվում է. «ՀՀ-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը»:  Սա նույնպես մանիպուլյատիվ է, քանի որ ոչ այլ ոք, քան հենց Սերժ Սարգսյանն էր, որ իր ֆուտբոլային դիվանագիտությամբ համաձայնվել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել՝ ինքնստինքյան կասկածի տակ դնելով Ցեղասպանության հարցը։ Թեպետ հետագայում և ցայսօր էլ ընդդիմադիր որոշ շրջանակներ հերքում են այդ իրողությունը, այդ առումով հարկ է հիշել հենց Սերժ Սարգսյանի խոսքերը 2008թ. հունիսին՝ Մոսկվայի հայ համայնքի հետ հանդիպմանը. «Թուրքական կողմն առաջարկում է ձևավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջև»: Այսինքն, երրորդ նախագահը պատրա՞ստ էր սահմանների բացման գնով «հարցականի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը»:

Ըստ էության, եզրափակիչ բանաձև-հռչակագիրը յուրատեսակ ինքնախոստովանանք է Արցախի հարցում և հայ-թուրքական հարաբերությունների առումով նախկին իշխանությունների արած-չարածի մասին, որն այս հայտարարություն-բանաձևի միջոցով փորձ է արվել օտարել իրենցից: Ընդդիմության հանրահավաքի բանաձևը աղաղակող օրինակ է, որում խտացված է այդ ընդդիմության քաղաքական անցյալն ու գործելակերպը՝ խոսքի և գործի կատարյալ հակադրություն, որի շարունակությունն էլ քաղած անհաջող պտուղները այլոց զամբյուղի մեջ տեղավորելն է՝ փարիսեցիության երևելի մի օրինակ։

Արտակ Խաչատրյան