Վերլուծություն

Ընդդիմության՝ ազգովի ֆիդայի դառնալու հանրահավաքին ընդառաջ

Ընդդիմությունն այսօր հանրահավաք է անցկացնում՝ գուժելով, թե «այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները»։ Թե ինչ պահանջների մասին է խոսքը, ընդդիմությունը չգիտի և չի էլ ուզում լսել՝ անգամ «առաջին ձեռքից», որովհետև հրաժարվում է վարչապետի հետ փակ հանդիպումից։ Հաջորդը՝ թուրք-ադրբեջանական պահանջներ։ Այս ձևակերպումն առավել քան հետաքրքիր է, քանի որ անգամ պատերազմի օրերին պահանջներ, եթե ոչ առաջադրողը, ապա գոնե փոխանցողը, բոլորովին էլ Թուրքիան չէր, այլ Ռուսաստանը՝ ռազմավարական դաշնակիցն ու միջնորդը, նոյեմբերի 9-ի հայտարարության և հետագա ևս երկու հայտարարությունների անմիջական մասնակիցը։ 

Բայց ընդդիմությունը դա չի ուզում տեսնել, որովհետև ընդդիմության խնդիրը զիջել կամ չզիջելը չէ, Արցախը կամ Հայաստանը չէ, այն շատ ավելի նեղ է՝ «հականիկոլականության օրակարգը»։ Եվ, ընդհանրապես, ռուսին կարելի է զիջել ամեն ինչ։ Ի վերջո ժամանակին գեներալ Ֆրանկոն էր ասում ՝ «Ընկերներիս ամեն ինչ, թշնամիներիս՝ օրենք»։ Այս դեպքում ճիշտ ամեն ինչ շատ ավելի խառն է,  մասնավորապես՝ «ընկեր-թշնամի» սահմանը, եթե, իհարկե, քաղաքականության և աշխարհաքաղաքականության մեջ լինում են ընկերներ ու թշնամիներ։ Բայց չշեղվենք, անշուշտ, առավել քան նորմալ է ցանկացած ընդդիմության հակաիշխանական դիրքավորումը, ավելին՝ հենց այդպես էլ պիտի լինի։ Բայց այդ դիրքավորման ծիրում աներկբայելի է մի կարևոր առանցք՝ այլընտրանքային օրակարգը։ 

Քաղաքական տեսանկյունից ընդդիմության հանրահավաքը վատ խաղաքարտ չէ իշխանության համար՝ առավել ճկուն ու բազմակողմանի բանակցային օրակարգ ձևավորելու, խաղարկելու և խուսանավելու համար։ Նորմալ իշխանություններն ու ընդդիմությունները պետության օրհասական պահին հենց այդպես էլ վարվում են, որովհետև ընդդիմությունը, թեև կարող է տարօրինակ հնչել, իշխանության կրող է, ամբողջական իշխանության մի մասնիկը պարզագույն մի պատճառով՝ ընտրություններով ու խորհրդարանական մանդատներով ստանձնած պատասխանատվությամբ։ Այդ պատասխանատվությունը չի սահմանափակվում զուտ կոնկրետ ընտրողներով ու մանդատների քանակով կամ հանրության այս կամ այն շերտը ներկայացնելով, այլ ամբողջանում է հաշվետվողականության այն ամբողջ բեռով, որն ունի նաև իշխանությունը, այն է՝ պատասխանատվություն Հայաստանի բոլոր քաղաքացիների առաջ՝ անկախ քաղաքական, կրոնական ու ազգային պատկանելիությունից, մի խոսքով՝ պետականության առաջ։ 

Իշխանության և ընդդիմության այս «հակադրամիասնությունը» կարող է արդյունավետ լինել, սակայն, երբ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը իրական և իրատես պատկերացում ունեն երկրի առջև ծառացած խնդիրների մասին։ Երբ իրադրության գնահատականը տրված է ոչ թե «գինի լից» ու «մահ կամ ազատությանը» ելակետով, այլ հնարավորությունների և կարողությունների սթափ գնահատականով։ 

Իսկ այդ սթափությունն այն կենսական հանգրվանն է, որին չի կարողանում և գուցե թե չի ուզում հասնել ընդդիմությունը։ Չի ուզում, որովհետև ամուլ է և «դինջ», սիրում է բարեկեցություն և խորշում է ջանասիրությունից։ Չի ուզում կամ չի կարողանում՝ որևէ նոր միտք, հոսանք, այլընտրանք ստեղծել, հորինել, կազմել։ 25-30 տարի առաջ կեղծազգայնական, «ոչմիթիզականության» գործիք է գտել ու շարունակում է այն ճոճել։ Գործիքն այդ վաղուց հնացած ու մաշված է՝ ֆիզիկապես և բարոյապես։ Ընդ որում՝ կեղծազգայնականության այդ գործիքը, որը 1990-ականներին զուտ ներքաղաքական պայքարում կիրառվող մեխանիզմ էր, նույն այս ընդդիմությունը սարքեց բուտաֆորա և անունը դրեց գաղափարախոսություն՝ կարծես գոմաղբի անունը, եթե վարդ դնենք, այն ծաղկի նման կբուրի։ Վահրամ Փափազյանն ասում էր. «Մանչս, ամեն սև բան Օթելլո չէ» և ուրեմն սիրուն բառերով համեմված ամեն ճառ, գաղափարախոսություն չէ և ոչ էլ ճառասացը՝ «պետական գործիչ»։ 

Հենց այս ճառասացության տրամաբանությամբ էլ, թերևս, կընթանա ընդդիմության հանրահավաքը՝ զգացմունքային, Շուշին ու Հադրութը հետ բերելու արտասվալից ոգևորությամբ, բայց՝ զրո արդյունքով։ Որովհետև ցանկացած բանական հայի համար հայկական մի բուռ հողի կորուստը ցավ ու ողբերգություն է, ցանկացած պարտություն՝ դաժան փորձություն։ Բայց չէ որ պարտությունն էլ պետք է հասկանալ, այլ չսարքել արհավիրք ու ազգովի դառնալ ֆիդայի կամ ղարիբ՝ ինչպես կասեր ընկերս։ Վերջապես, կարող է թվալ, թե ընդդիմությանը հանիրավի ենք քննադատում, սակայն ուժեղ, սթափ, իրատես ընդդիմությունը առողջ պետության երշախավորն է և մեր միտումը հենց այդպիսի ընդդիմություն ունենալը պետք է լիներ։

Աղասի Մարգարյան