Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին

Իսրայելը հարված է հասցրել Իրանին՝ ի պատասխան ապրիլի 13-ի հարձակման․ իսրայելական հարվածի թիրախը եղել է Սպահանի ռազմաօդային բազան․ հայտնում է Fox News–ը։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ խոցել են մի քանի անօդաչու թռչող սարքեր և հերքել են Իսրայելի կողմից երկրի վրա հրթիռային հարձակման մասին տեղեկատվությունը․ այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ BBC գործակալությունից։

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքի շրջանում պայթյունների և տարբեր շրջաններում ՀՕՊ-ի աշխատանքի մասին:

«Մի քանի անօդաչու թռչող սարքեր հաջողությամբ խոցվել են երկրի հակաօդային պաշտպանության կողմից, հրթիռային հարձակման մասին տեղեկություններ դեռ չկան»,– X-ի միկրոբլոգում գրել Է իրանական տիեզերական գործակալության ներկայացուցիչ Հոսեյն Դալիրիանը:

Ավելի վաղ CBS news և ABC news հեռուստաալիքները, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էին, որ Իսրայելը հրթիռներ է արձակել Իրանի ուղղությամբ: Սպիտակ տունը և Պենտագոնը դա չեն մեկնաբանել։

Հիշեցնենք՝ Իսրայելի իշխանությունները նախազգուշացրել էին, որ կարող են պատասխան հարված հասցնել այն բանից հետո, երբ անցած հանգստյան օրերին Իրանը հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել իսրայելական քաղաքների ուղղությամբ: Գրեթե բոլորը խփվել են։