Միջազգային

Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար

Միացյալ Թագավորությունում ձերբակալվել են առաջին անօրինական միգրանտները, որոնք պետք է արտաքսվեն Ռուանդա: Այդ մասին մայիսի 1-ին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունն այդ քայլն անվանել է ծրագրի  «ևս մեկ խոշոր հանգրվան», որի համաձայն՝ անօրինական երկիր մուտք գործած միգրանտներն այսուհետ կարտաքսվեն Ռուանդա:

Բրիտանական ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ ամբողջ երկրում անօրինական ներգաղթյալներին ձերբակալելու արշավներ են իրականացվում: Նախարարությունը հրապարակել է ձեռնաշղթաներով մարդկանց լուսանկարներ և տեսանյութեր, որոնց նստեցնում են մեքենաների մեջ։ Ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին հայտնել է, որ գերատեսչությունն աշխատում է, որպեսզի «արագ ձերբակալեն նրանց, որոնք իրավունք չունեն այստեղ մնալ, որպեսզի հնարավոր լինի սկսել թռիչքները դեպի Ռուանդա»: