Միջազգային

«Իրանը չի վարանի որևէ օգնություն ցուցաբերել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը լուծելու համար». Իրանի ԱԳՆ

Հինգշաբթի օրը՝ հունիսի 16-ին, Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թեհրանում հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլայանի հետ։ Mehrnews-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը Ամիր-Աբդոլլահյանը Հայաստանն անվանել է Իրանի կարևոր բարեկամ և հարևան։

Ամիր-Աբդոլլահյանի խոսքով՝ Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը լուծելու համար։ Նա նշել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը՝ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու, միջազգային սահմանների պահպանման և տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության հարցում, և նշել, որ «Կովկասում խաղաղությունն ու կայունության պահպանումը միշտ եղել և շարունակում է մնալ ԻԻՀ առաջնահերթություններից մեկը, և այս հարցում Իրանը չի վարանի որևէ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը լուծելու համար»։

Աբդոլլահյանը նաև հույս է հայտնել, որ 3+3 ձևաչափով բանակցությունների երկրորդ փուլը մոտ ապագայում կանցկացվի Իրանում։ Հայաստանի ԱԺ նախագահը նաև ընդգծել է, որ իր երկիրը ընթանում է խաղաղ ճանապարհով, և կոչ է արել Իրանին՝ աջակցել Ադրբեջանի հետ երկկողմ հաշտության պայմանագրի կնքմանը։