Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի հատկացումը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագծին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 368 կոնգրեսական, դեմ՝ 57-ը։ Այժմ օրինագիծը կքննարկվի Սենատում: Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն ավելի վաղ խոստացել էր հնարավորինս շուտ կազմակերպել նախաձեռնության քվեարկությունը: Վերին պալատի կողմից հաստատվելու դեպքում այն կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ստորագրության։

Մասնավորապես, 6 միլիարդ դոլար պետք է ուղղվի զենքի և անվտանգության ապահովման համար, 8,7 միլիարդ դոլար՝ տնտեսական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում հանրային ծառայությունների աշխատանքը ֆինանսավորելու համար, 5 միլիարդ դոլար՝ պարենային օգնություն Ուկրաինային և աշխարհի այլ երկրներին, 900 միլիոն դոլար նախատեսված է ուկրաինացի փախստականներին աջակցության համար: Բացի այդ, 3,9 մլրդ դոլար կհատկացվի Եվրոպայում ամերիկյան զորքերի հզորացմանը։