Միջազգային

Հնդկաստանն ու Գերմանիան խորացնում են համագործակցությունը

Գերմանիան և Հնդկաստանը մտադիր են խորացնել համագործակցությունը՝ չնայած Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի շուրջ տարաձայնություններին։ Այս մասին երկուշաբթի օրը՝ մայիսի 2-ին, Բեռլինում, խորհրդակցություններից հետո, հայտարարել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ նշելով, որ երկու երկրներն էլ ձգտում են ռազմավարական գործընկերություն կառուցել։

Շոլցի խոսքով՝ Գերմանիան մինչև 2030 թվականը 10 միլիարդ եվրո կհատկացնի կլիմայի պաշտպանության և այլընտրանքային էներգիայի զարգացման ոլորտում համատեղ նախագծերի համար։ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ ստորագրվել է միգրացիայի վերաբերյալ համապարփակ համաձայնագիր, ինչպես նաև՝ մտադրությունների 14 հռչակագիր, այդ թվում՝ «կանաչ» ջրածնի արտադրության և օգտագործման ոլորտում համագործակցության մասին։

Մինչ Շոլցը ևս մեկ անգամ Ռուսաստանին մեղադրեց միջազգային իրավունքը խախտելու մեջ և Կրեմլին կոչ արեց՝ անհապաղ դադարեցնել պատերազմն ու «անիմաստ սպանությունները», Մոդին ասաց, որ այս պատերազմը չի ունենա հաղթողներ, այլ՝ միայն պարտվողներ։ Նա նաև նշել է, որ դրա պատճառով կտուժեն, հատկապես, զարգացող երկրները, որոնք կբախվեն գների բարձրացման և անհրաժեշտ ապրանքների մատակարարման ընդհատումների։