Միջազգային

Կա՛մ Ուկրաինան, կա՛մ ռուս զբոսաշրջիկները. Զելենսկին քննադատել է Էրդողանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկակի ստանդարտներ է անվանել Թուրքիայի գործողությունները, որը միաժամանակ օգնություն է ցուցաբերում Ուկրաինային և հյուրընկալում ռուս զբոսաշրջիկներին։ Այս մասին նա հայտարարել է Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Թուրքիան մի կողմից հանդես է գալիս որպես միջնորդ և կարևոր քայլերով աջակցում է Ուկրաինային, իսկ միաժամանակ մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, օրինակ, զբոսաշրջային երթուղիների պատրաստումը հատուկ ռուսական զբոսաշրջության համար»,- ասել է Զելենսկին։ Նրա կարծիքով, դա չպետք է տեղի ունենա, եթե Թուրքիան ու Ուկրաինան ցանկանում են բարեկամական հարաբերություններ ունենալ։

«Դրա հետ այդպես վարվել չի կարելի, երկակի ստանդարտներ են: Սա անարդար է»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Զելենսկին թուրքական իշխանություններին հորդորել է ընտրություն կատարել:

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկզբից ի վեր Թուրքիան բազմիցս փորձել է միջնորդ դառնալ բանակցություններում։ Մարտի 29-ին Մոսկվայի և Կիևի պատվիրակությունները հանդիպել են Ստամբուլում, որտեղ ուկրաինական կողմն առաջարկել է ՆԱՏՕ-ին անդամակցելու փոխարեն իր անվտանգության ապահովման նոր սխեմա։ Ըստ այդմ՝ Թուրքիան պետք է լինի Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրների շարքում։