Միջազգային

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը տեղյակ չէ թե ինչ կարգավիճակով է Էնդրյու Շոֆերը այցելել Հայաստան

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն հետևելու է Ռուսաստանի ու Ֆրանսիայի օրինակին՝ հեռացնելով իր համանախագահին, և ինչպե՞ս է ԱՄՆ-ը ներդրում ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի կնքմանը:

«Պետքարտուղար Բլինքենը մի քանի շաբաթ առաջ զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Մենք շարունակում ենք հանձնառու մնալ հարավակվոկասյան տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական ու բարգավաճ ապագայի առաջմղմանը»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ Վաշինգտոնը հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել գործուն դիվանագիտական ջանքերը՝ հարաբերությունները կարգավորելու ու համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրելու նպատակով։

«Ինչ վերաբերում է մեր դերին, մենք պատրաստակամ ենք օժանդակելու Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր կարգավիճակում։ Այսպիսով, երբ խոսում ենք գոյություն ունեցող մեխանիզմների մասին, իհարկե, Մինսկի խումբը դրանց մի մասն է»,- նշել է Պետքարտուղարության խոսնակը։

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հայաստանյան այցի և առկա իրողություններում նրա կարգավիճակի մասին հարցին ի պատասխան՝ Փրայսը հակիրճ պատասխանել է․ «Ես չեմ տիրապետում այդ անձի շրջագայության մանրամասներին կամ ինչ կարգավիճակով է հանդես եկել այդ պահին, բայց մենք կպատասխանենք ձեզ, եթե ավելացնելու բան ունենանք»։