Միջազգային

Ֆրանսիայի նախագահական ընտրություններից երեք օր առաջ Մակրոնը գլխավորում է նախընտրական մրցավազքը

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների՝ ապրիլի 10-ին կայանալիք առաջին փուլից երեք օր առաջ պահպանում է առաջատար դիրքը։ Այս մասին են վկայում Ifop հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի հարցումները։

Ի թիվս այլ թեկնածուների՝ պատգամավոր Մարին Լը Պենը («Ազգային միասնություն») փոքր-ինչ բարձրացրել է իր վարկանիշը։ Նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 23,5%-ը. սա նրա լավագույն արդյունքն է՝ նախընտրական մարաթոնից ի վեր։ Շաբաթվա սկզբի համեմատ նա ստացել է հավելյալ 0,5%։

Ամրապնդվել են նաև «Չենթարկված Ֆրանսիա» ձախ շարժման հիմնադիր Ժան-Լյուկ Մելանշոնի դիրքերը։ Նրա օգտին այժմ պատրաստ է քվեարկել 17,5%-ը, ինչը 1%-ով ավելի է, քան շաբաթվա սկզբին։ Միևնույն ժամանակ, ինքը՝ Մելենշոնը, երկրորդ փուլ դուրս գալու հույսեր չի թողնում։

Երկրորդ փուլում, ըստ հարցումների, Մակրոնն ու Լը Պենը պետք է մրցակցեն։ Ifop-ը գործող նախագահի համար կանխատեսում է ձայների 52,5%, իսկ նրա ամենահավանական մրցակցի համար՝ 47,5%։ 2017-ի վերջին ընտրություններում, երբ եզրափակչում մրցեցին նույն թեկնածուները, Մակրոնը հաղթեց 66%-ով, իսկ Լը Պենը հավաքեց ձայների 33%-ը։