Միջազգային

Ռուս-ուկրաինական ստամբուլյան բանակցությունների արդյունքները

Անդրադառնալով բանակցությունների առանցքային կետերին՝ ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան նշել է Ուկրաինայի պայմաններն՝ անվտանգության երաշխիքների հարցում, ինչպես նաև՝ այն երկրները, որոնք կարող են երաշխավորի դերում հանդես գալ։ Բացի այդ՝ Արախամիան նշել է, որ ռուս-ուկրաինական զինադադարի և խաղաղության պայմանագիրը Ուկրաինայի կողմից կիրագործվի հստակ ընթացակարգով՝ հանրաքվե, ապա՝ վավերացում՝ երաշխավորող երկրների խորհրդարանների կողմից։

Ինչ վերաբերում է Ղրիմին՝ դա պայմանագրի առանձին կետ է. «Մենք Ռուսաստանի հետ Ղրիմի հարցով բանակցություններ ենք վարելու 15 տարի, այդ ընթացքում ռազմական գործողություններ չեն լինի։ Ինչ վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջաններին՝ դա նույնպես առանձին կետ է»։ Հաղորդվում է, որ Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի՝ իր առաջարկները, որը հնարավորություն է տալիս դադարեցնել պատերազմը: Դա պետք է լինի միջազգային պայմանագիր, որը կստորագրեն անվտանգության բոլոր երաշխավորները։

Ուկրաինական պատվիրակության կարծիքով՝ երաշխավոր կարող են դառնալ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Կանադան, Իտալիան, Լեհաստանը և Իսրայելը։ Որոշ երկրներ արդեն նախնական համաձայնություն են տվել։ Պայմանագիրը, ինչպես առաջարկում է Ուկրաինան, պետք է նաև սահմանի երաշխավոր երկրների փոխգործակցության արդյունավետ մեխանիզմներ։ Իրականում, սա կարող է նման լինել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին («դաշինքի մեկ անդամի վրա հարձակումը հավասարազոր է ողջ դաշինքի վրա հարձակմանը»): Եթե ​​Ուկրաինայի դեմ պատերազմ, ագրեսիա կամ հատուկ գործողություն սկսվի, երաշխավոր երկրները, ըստ նախատեսվածի, երեք օր խորհրդակցություններ կանցկացնեն, հետո՝ օգնություն կցուցաբերեն Ուկրաինային։ «Այս առաջարկը չընդունվեց, մենք այն փոխանցում ենք ռուսական կողմին։ Կսպասենք նրանց պատասխանին»,- ասել է Արախամիան։

Միաժամանակ, ռուսական կողմի ներկայացուցիչ՝ ՌԴ պաշտպանության փոխնախարար Ֆոմինը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում որոշվել է արմատապես կրճատել ռուսական ռազմական ակտիվությունը Կիևի և Չերնիգովի ուղղություններով։ Ռուսական կողմը նշել է նաև, որ ենթադրվում է, որ Կիևում կկայացվեն համապատասխան առանցքային որոշումներ՝ հետագա բնականոն աշխատանքի պայմաններ ստեղծելու համար։ Ռուսական կողմը նաև նշել է, որ քաղաքական հարթությունում հնարավոր է դառնում Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը՝ ԱԳ նախարարների կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը զուգահեռ։