Միջազգային

Այսօր կմեկնարկի ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարել է Կիևի ռազմավարական օբյեկտներին «ճշգրիտ հարվածներ» հասցնելու պլանների մասին։ Հարվածներ են հասցվել Կիևի հեռուստաաշտարակին և այլ կոմունիկացիոն հանգույցների։ Քաղաքի հյուսիսային մատույցներում ռուսական զրահատեխնիկայի մեծ կենտրոնացման մասին հաղորդագրություններ են ստացվել, և ռուսական հրամանատարությունը հայտնել է, որ քաղաքացիական անձինք կարող են լքել քաղաքը։ Այդ հաղորդումներն, ըստ փորձագետների, վկայում են հարձակման նախապատրաստության մասին: 

Ռուսական կողմը պնդում է, որ հարվածներ է հասցնում բացառապես ռազմական օբյեկտներին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին տեղեկատվության հոսքը որակելով «կեղծ»։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմական հանցագործություն է անվանել Խարկովի զանգվածային գնդակոծությունը, «քաղաք, որտեղ ռազմական օբյեկտներ չկան»։ Նա նաև տեսաուղերձով դիմել է Եվրախորհրդարանին՝ կոչ անելով Եվրոպային՝ «ապացուցել, որ չի լքի Ուկրաինային»։ Պատգամավորները բուռն ծափահարություններ են հնչեցրել Զելենսկու ելույթին։

Այսօր նախատեսված է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը։ Առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-ին՝ Բելառուսում։ «Մենք երկխոսության կողմնակից ենք», - հայտարարել էր նախագահ Զելենսկին՝ խորհրդակցությունների նախօրեին: «Միայն թե նախևառաջ պետք է դադարեցնել մարդկանց ռմբակոծումը, նոր՝ սկսել բանակցությունները»: