Միջազգային

Սալիվանը խոսել է Ռուսաստանին G20-ից բացառելու պլանների մասին

«Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ԱՄՆ-ն, դաշնակիցների և գործընկերների հետ, ուսումնասիրում է G20-ից Ռուսաստանին բացառելու հարցը»,- ճեպազրույցում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Ռուսաստանն այլևս չի կարող սովորականի պես մասնակցություն ունենալ միջազգային կառույցներում»,- ասել է պաշտոնյան:

Լեհաստանի տնտեսական զարգացման նախարար Պյոտր Նովակն ավելի վաղ, ԱՄՆ առևտրի նախարարի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, առաջարկել էր՝ Ռուսաստանին հեռացնել G20-ից, ինչը դրական արձագանք էր գտել: Լրատվամիջոցները հայտնում են, որ Լեհաստանն իր թեկնածությունն է առաջարկել G20-ին՝ Ռուսաստանի փոխարեն։ G20-ին Ռուսաստանի մասնակցության հարցը կարող է քննարկվել Բրյուսելում կայանալիք ԵՄ և G7 գագաթնաժողովներում։

Միաժամանակ, հավանական է, որ G20-ում այս հարցի քվեարկության ժամանակ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Չինաստանն ու Հնդկաստանը, դեմ լինեն, և, արդյունքում, Ռուսաստանին բացառելու որոշում չկայացվի։