Միջազգային

Կուլեբան և Չավուշօղլուն կքննարկեն ուկրաինական ճգնաժամը

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան մարտի 17-ին իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հնարավոր բանակցությունները։

Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոսկվա այցից հետո Չավուշօղլուն կժամանի Կիև և կպատմի, թե ինչի է հաջողվել հասնել Ռուսաստանի հետ բանակցություններում։ «Նրա հետ միասին կկառուցենք գործընթացի հետագա տրամաբանությունը։ Ես միշտ հաստատել եմ, որ պատրաստ եմ բանակցել արտգործնախարարների մակարդակով՝ պայմանով, որ պարոն Լավրովը պատրաստ լինի հարցերի առարկայական քննարկմանը և կոնկրետ խնդիրների լուծմանը»,- ասել է Կուլեբան։

Նրա խոսքով՝ եթե Չավուշօղլուն Մոսկվայից նման լուրեր բերի, ապա կկարողանան նախանշել նախարարների մակարդակով բանակցային գործընթացի հետագա քայլերը։ Կուլեբան նաև հավելել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկելու են երկկողմ օրակարգի հարցեր։ Նշենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Մոսկվայում բանակցություններ է անցկացրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։