Միջազգային

Լավրովի և Չավուշօղլուի բանակցությունները ռազմավարական են

«Մարտի 16-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն կայցելի Մոսկվա՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ բանակցություններ վարելու համար», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։

Radar Armenia-ն հաղորդում է, որ երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը սերտ հարաբերություններ ունեն և դինամիկ շփվում են՝ չնայած կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սահմանափակումներին։ Նախագահները տեսակոնֆերանսի միջոցով մասնակցել են «Աքկույու» ԱԷԿ-ի հիմնարկեքին և հանդիպել 2021թ. սեպտեմբերի 29-ին՝ Սոչիում։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Պուտինն ու Էրդողանը հեռախոսով զրուցել են 13 անգամ, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2022-ի մարտի 6-ին։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Ուկրաինայում, Կովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։ Բացի այդ՝ նախարարները կմշակեն Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով հաջորդ եռակողմ գագաթնաժողովի ժամկետներն ու բովանդակությունը, որը պետք է անցկացվի այս տարի։ Լավրովն ու Չավուշօղլուն ծրագրում են նաև քննարկել լիբիական խնդիրը, նրանք կկենտրոնանան համապարփակ քաղաքական երկխոսության հետագա հաստատման և Լիբիայի սոցիալ-տնտեսական ու հասարակական կյանքը խաղաղ, կայուն հունի վերադարձնելու ուղիներ գտնելու վրա։

Բանակցությունները կանդրադառնան այնպիսի փոխշահավետ նախագծերի շուրջ համատեղ աշխատանքին, ինչպիսիք են Աքքույու ատոմակայանի կառուցումը և «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը։ Հանդիպման ընթացքում լուրջ ուշադրություն կդարձվի պատժամիջոցների աճի պայմաններում երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության, տիեզերական հետազոտության և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հարցերի քննարկմանը։ Լավրովի և Չավուշօղլուի վերջին հանդիպումը կայացել է մարտի 10-ին՝ Անթալիայում, դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։

Հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։