Միջազգային

Չինաստանը կողմ է «ուկրաինական թեման» G20 օրակարգից հանելուն

Չինաստանի կառավարությունն աջակցում է ուկրաինական ճգնաժամը G20-ի հանդիպման օրակարգ չընդգրկելու՝ Ինդոնեզիայի նախաձեռնությանը։ Այս մասին երեքշաբթի կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը։

«Մեծ քսանյակը կարևոր հարթակ է՝ միջազգային տնտեսական համագործակցության հարցերի քննարկման համար, այն հարմար հարթակ չէ՝ այնպիսի քաղաքական և անվտանգության հարցեր քննարկելու համար, ինչպիսին Ուկրաինայի իրավիճակն է», - ասել է դիվանագետը:

Նա նշել է, որ Չինաստանն ակնկալում է, որ G20 երկրները կքննարկեն տնտեսական վերականգնումը, ինչպես նաև հակազդեցությունը համավարակին։

ԱԳՆ և Ջակարտայի G20-ի համակարգող Դիանա Տրիանսիան երկուշաբթի հայտնել էր, որ Ինդոնեզիան, որպես G20-ի նախագահ, մտադիր չէ ընթացիկ օրակարգում ներառել ուկրաինական ճգնաժամը, փոխարենը՝ կկենտրոնանան առաջնահերթություն հանդիսացող թեմաների վրա։

Ավելի վաղ Ինդոնեզիան հայտարարել էր, որ իր նախագահության ընթացքում մտադիր է կենտրոնանալ համաճարակից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման, համաշխարհային առողջապահական համակարգի բարեփոխման, էներգետիկ անցման և թվային վերափոխման հարցերի վրա։ Նախագահ Ջոկո Վիդոդոն նախատեսում է եզրափակիչ գագաթնաժողովն անցկացնել հոկտեմբերի 30-31-ը՝ Բալիում։