Միջազգային

Բաքվի հետ համաձայնագիրը ՀՀ հանդեպ ՌԴ պարտավորությունների վրա չի ազդի. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային համագործակցության վերաբերյալ համաձայնությունը ոչ մի կերպ չի ազդի ՀԱՊԿ-ի և երկկողմանի համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների վրա։

Նրա խոսքով. «Մենք համարում ենք, որ այս փաստաթուղթը՝ հռչակագրի ստորագրումը, ոչ մի կերպ որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ Ռուսաստանի դաշինքի համար որևէ ուղղությամբ։ Մենք կկատարենք մեր բոլոր երկկողմ պարտավորությունները Երևանի նկատմամբ, որը մեր վաղեմի և մերձավոր դաշնակիցն է։ Եվ, մեր կարծիքով, Բաքվի հետ նշված հռչակագրի ստորագրումը թույլ կտա, ինչպես ասացի, ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համագործակցությունը, այդ թվում՝ անվտանգության, Անդրկովկասում տնտեսական և հումանիտար համագործակցության հարցերում»:

Զախարովան նշել է, թե ՌԴ-ն մշտապես թարմացնում է Հայաստանի հետ երկկողմ օրենսդրական դաշտը, հաշվի առնելով նաև տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները: