Միջազգային

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը (հատվածներ)

Մոսկվայում փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրեցին «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր։ Փաստաթուղթը բաղկացած է 43 կետերից: Ներկայացնում ենք փաստաթղթի այն դրույթները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանին կամ Արցախյան խնդրին։

 
1. Ռուսաստանը և Ադրբեջանն իրենց հարաբերությունները կառուցում են դաշնակցային համագործակցության, անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ինչպես նաև՝ չմիջամտելու սկզբունքների հիման վրա։ Միմյանց ներքին գործերում՝ հավասարություն և փոխշահավետություն, վեճերի խաղաղ կարգավորում և ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում։
 
5. Կողմերը փոխգործակցում են արտաքին քաղաքականության ոլորտում՝ կովկասյան և կասպյան տարածաշրջաններում կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով։ 
 
6. Ռուսաստանը և Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնում հրատապ խորհրդակցություններ անցկացնել այնպիսի իրավիճակի դեպքում, որը, կողմերից մեկի կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել խաղաղությանը, խաթարել այն կամ ազդել կողմերից մեկի անվտանգային շահերի վրա, ինչպես նաև՝ այն դեպքում, եթե առաջացել է նման վտանգ։ Խորհրդակցությունների նպատակն է լինելու իրավիճակի կարգավորումը։
 
7. Ռուսաստանը և Ադրբեջանը ձեռնպահ են մնում ցանկացած գործողությունից, որը, կողմերից մեկի կարծիքով, վնասում է երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը և դաշնակցային հարաբերություններին։ Այդ նպատակով նրանք ստեղծում են խորհրդակցությունների մշտական մեխանիզմ՝ երկու երկրների ԱԳ նախարարությունների միջոցով։ 
 
8. Ադրբեջանը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական դերը՝ 2020թ․ նոյեմբերին տարածաշրջանում ամբողջական հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման հարցում։ 
 
9. Ռուսաստանը և Ադրբեջանը կշարունակեն ամեն կերպ նպաստել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի՝ 2020թ․ նոյեմբերի 9/10-ի, 2021թ․ հունվարի 11-ի և 2021թ․ նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացմանն ուղղված ջանքերին. հայտարարություններ, որոնք հիմք դարձան կայունության և անվտանգության ամրապնդման, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ 
 
11. Ռուսաստանը և Ադրբեջանը վճռականորեն ճնշում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը, որոնք ուղղված են մյուս կողմի պետական ​​ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ:
 
12. Կողմերը զարգացնում են երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը, որը համապատասխանում է ազգային շահերին և ուղղված չէ երրորդ երկրների դեմ: 
 
13. Կողմերը կխորացնեն փոխգործակցությունը Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ միջև՝ ներառյալ համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների անցկացումը, ինչպես նաև՝ երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը այլ ուղղություններով։ 
 
14. Կողմերը, հաշվի առնելով ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը, փոխգործակցում են ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցվածության, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով։ 
 
15. Կողմերը կակտիվացնեն ջանքերը զենքի և ռազմական տեխնիկայի պահպանման, վերանորոգման, արդիականացման, սպասարկման կենտրոններ ստեղծելու, ինչպես նաև՝ տարբեր տեսակի ռազմական արտադրանքի համատեղ արտադրություն կազմակերպելու ուղղությամբ: 
 
25. Ռուսաստանը և Ադրբեջանը զերծ կմնան մյուս կողմի շահերին ուղղակի կամ անուղղակի վնասող ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնելուց:
 
32. Կողմերը կդիտարկեն ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորությունները։