Միջազգային

Ի՞նչ է ասել Պուտինը. կարևոր կետերը համառոտ

Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը և նրանց հետ կնքել բարեկամության, համագործակցության և օգնության պայմանագրեր։ Համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի երեկոյան ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Դոնբասի ճանաչում

  • Պուտինը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումն անվանել է «վաղուց հասունացած որոշում» և խնդրել է խորհրդարանին՝ աջակցել դրան, ինչպես նաև՝ վավերացնել երկու հանրապետությունների հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերը:

Ուկրաինա և ՆԱՏՕ

  • «Մոսկվան բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ և հետայդու ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների տեղակայումը վաղուց իրականություն են», - ասել է Պուտինը: Այս դեպքում այն ​​կդառնա Ռուսաստանի դեմ Արևմուտքի կանխարգելիչ հարվածի առաջադեմ պլացդարմ։
  • «Ռուսաստանը լրիվ իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար․ մենք հենց դա էլ կանենք»։
  • «Ուկրաինայի ռազմավարությունը, ըստ էության, ներառում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստում, և Կիևի՝ սեփական միջուկային զենք ստեղծելու վերջին սպառնալիքը «դատարկ քաջություն չէ», - ընդգծել է Պուտինը՝ հավելելով․ «Մոսկվան չի կարող անտեսել այդ սպառնալիքը»։

Անվտանգության խորհրդի աջակցությունը

  • Միաժամանակ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն առաջարկել է Արևմուտքին վերջին հնարավորություն տալ՝ Կիևին ստիպելու կատարել պայմանավորվածությունները։ Պատրուշևի՝ «վերջին հնարավորության» գաղափարը պաշտպանել են վարչապետ Միխայիլ Միշուստինը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
  • ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը կոչ է արել ճանաչել հանրապետությունների անկախությունը՝ «մինչ Ուկրաինայի ԶՈՒ օկուպացիան» եղած (այսինքն՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի) սահմաններում։

Վերջին բանակցությունները՝ ճանաչումից առաջ

  • Առավոտյան հաղորդվել էր, որ Պուտինն ու Բայդենը մոտ ապագայում կարող են հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ, ով կիրակի օրը երեկոյան երկու անգամ զրուցել է ՌԴ ղեկավարի հետ։ Հնարավո՞ր է նոր պայմաններում ռուս-ամերիկյան նոր գագաթնաժողով, դեռևս հայտնի չէ։
  • Երկուշաբթի երեկոյան Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ պատմելով նրանց ինքնահռչակ հանրապետությունները ճանաչող փաստաթուղթ ստորագրելու մտադրության մասին։ Նրա զրուցակիցները, ըստ Կրեմլի, հիասթափություն են հայտնել իրադարձությունների նման զարգացումից, սակայն նշել են շփումները շարունակելու իրենց պատրաստակամությունը։