Միջազգային

Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ ասուլիսով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօրվա հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ ասուլիսով:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ալիևի հետ ստորագրած Դաշնակցային համագործակցության հռչակագիրը խորհրդանշում է երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների անցումը որակապես նոր մակարդակի: Նա նշել է, որ հատուկ ուշադրություն է հատկացվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերին: Պուտինի խոսքերով՝ շեշտվել է ԼՂ շուրջ եռակողմ համաձայնագրերի ողջ ծավալով իրականացման կարևորությունը: ՌԴ նախագահը կարևորել է, որ տարածաշրջանում կյանքն աստիճանաբար կարգավորվում է, իրենց տներն են վերադարձել ավելի քան 50.000 փախստականներ, լուծվում են տնտեսվարական ինֆրաստրուկտուրաների վերականգնումը, պատմամշակութային, կրոնական կառույցների պաշտպանությունը:

Ադրբեջանական կողմը բարձր է գնահատել ՌԴ խաղաղապահական գործունեությունը և, ընդհանուր առմամբ, ՌԴ-ի դերը ԼՂ-ի շուրջ իրավիճակի կայունացման գործում:

Պուտինը նաև ներկայացրել է խաղաղապահների իրականացրած գործունեությունը ԼՂ-ում: Նա կարևորել է ամբողջ ծավալով մարդատար և բեռնատար հաղորդակցությունների վերականգնումը ՀՀ-ի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների միջև, միասնական հստակ ծրագրերի պատրաստումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, գյուղատնտեսությունը, ինֆրաստրուկտուրաները, որոնցում հետաքրքրված են այդ գործընթացի բոլոր մասնակիցները: Մեկ այլ կարևոր քայլ է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը։

Նախագահը նշել է, որ ՌԴ-ն, իր հերթին, շատ բան արել և անելու է վերոնշյալ նպատակների իրականցման համար, կնպաստի ցանկացած խնդրահարույց հարցի կարգավորմանը: Ինչպես նաև շեշտել է, որ երկու երկրներն էլ հետաքրքրված են կովկասյան և կասպյան տարածաշրջանում կայունության ապահովմամբ:

Իլհամ Ալիևը անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին` նշելով. «Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը ամբողջովին կիրականացնի 2020 թ․նոյեմբերի 9-ին ստորագրված արձանագրությունների բոլոր կետերը, որոնք վերաբերվում են հայկական զորքերի դուրսբերմանը Ղարաբաղի տարածքից, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև բոլոր հաղորդակցությունների բացմանը, ինչը հայկական կողմի իրավական պարտավորություններից է»: