Միջազգային

Չինաստանը կոչ է արել հաշվի առնել Ռուսաստանի մտահոգությունները

Ուկրաինական հարցում յուրաքանչյուր կողմ իրավունք ունի արտահայտելու իր մտահոգությունները, և Ռուսաստանի հիմնավորված մտահոգությունները նույնպես պետք է հարգվեն և հաշվի առնվեն։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին։

Վան Յիի խոսքերով՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է վերադառնալ «Մինսկի պայմանավորվածություններին»։ Վան Յին  նաև նշել է, որ քանի որ Ռուսաստանը, Եվրոպան և Միացյալ Նահանգները աջակցում են համապատասխան համաձայնագրերին, ապա «ինչո՞ւ բոլոր կողմերը չեն հավաքվում նույն բանակցային սեղանի շուրջ՝ համապարփակ քննարկումներ անցկացնելու և ճանապարհային քարտեզ և ժամկետներ մշակելու համար»։

Միաժամանակ նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է կարողանան իրենց մտահոգություններն արտահայտել այս հարցում. «Ռուսաստանի արդարացված մտահոգությունը նույնպես պետք է հարգվի ու հաշվի առնվի»։ Վան Յին նաև հայտարարել է, որ «Ուկրաինան պետք է լինի Արևելքն ու Արևմուտքը կապող կամուրջ, այլ ոչ թե տերությունների առճակատման առաջնագիծ։ Հուսով ենք, որ լուծումը կգտնվի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և դա իսկապես կդառնա անվտանգության և կայունության երաշխիք Եվրոպայում»,- հավելել է նախարարը։