Միջազգային

Աշխարհը պարտվում է կլիմայի փոփոխության մրցավազքում. Գուտիերեշ

Գլազգոյի համաժողովում համաշխարհային հանրությունը չկարողացավ լուծում գտնել կլիմայի փոփոխության խնդիրների համար՝ մարդկությունը տանուլ է տալիս այդ մրցավազքը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։ «Վտանգ կա, որ մինչև 2030թ.  ածխաթթու գազի արտանետումների ծավալը մթնոլորտ կաճի, այլ ոչ թե կնվազի», հայտարարել է Գուտիերեշը։

2021թ. նոյեմբերին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում տեղի էր ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP26) 26-րդ համաժողովը։ Համաժողովից հետո հայտարարություն էր տարածվել, որը երկրներին պարտավորեցնում էր ակտիվացնել ջանքերը «չզտված ածխի էներգիայի սպառումը նվազեցնելու և հանածո վառելիքի անարդյունավետ սուբսիդիաները վերացնելու համար՝ միաժամանակ օգնության ծրագրերով թիրախավորելով ամենաաղքատներին և առավել խոցելիխմբերին»: Համաժողովի մասնակից երկրները պայմանավորվել էին նաև 2015թ. կնքված «Փարիզի կլիմայի համաձայնագրի» վեցերորդ հոդվածի կատարման կանոնների շուրջ։ Այն նախատեսում է ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման և ածխածնային միավորներով շրջանառության հատուկ մեխանիզմների ներդրում։