Միջազգային

Լոնդոնի ոստիկանությունը հետաքննություն է սկսել արքայազն Չարլզի հիմնադրամի շուրջ

Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսել բրիտանական գահաժառանգ արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամի շուրջ։ Հիմնադրամի ղեկավարները կասկածվում են Սաուդյան Արաբիայի միլիարդատերին Բրիտանական կայսրության շքանշան ստանալուն աջակցելու մեջ։ Ոստիկանության՝ չորեքշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ հետաքննությունն սկսվել է Պետական ​​մրցանակների չարաշահման մասին օրենքի համաձայն՝ անցյալ տարի, երբ համադրվել են այն տեղեկությունները, որ Արքայազնի հիմնադրամն առաջարկել է օգնել Սաուդյան Արաբիայի քաղաքացուն՝ ստանալ մրցանակ, այնուհետ՝ բրիտանական քաղաքացիություն:  Ոստիկանությունից ընդգծում են, որ այս գործով պաշտոնական հարցաքննություններ և ձերբակալություններ չկան։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին մի քանի բրիտանական թերթեր տեղեկություն էին հաղորդել, որ Մայքլ Ֆոսեթը՝ արքայազն Չարլզի նախկին օգնականն ու, այնուհետ, նրա հիմնադրամի տնօրենը, օգնել է սաուդցի գործարար Մահֆուզ Մարեյ Մուբարաք բին Մահֆուզին՝ դառնալ Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար, իսկ հետո գաղտնի նամակով խոստացել օգնել բրիտանական քաղաքացիություն ստանալու հարցում։