Միջազգային

Ուկրաինայի ԳՇ-ն հերքել է Եվրահանձնաժողովի նախագահին

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը չի հաստատել Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահի հայտարարած տվյալները պատերազմում ուկրաինական կողմի զոհերի մասին։

ԵՀ-ն գնահատել էր ուկրաինական բանակի կորուստները՝ պատերազմից ի վեր։ Ըստ ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, դրանք կազմել են 100 հազար զինվորական և 20 հզ. խաղաղ բնակիչ։ Նրա հայտարարության տեսանյութը հրապարակվել էր Twitter-ի էջում։

Սակայն որոշ ժամանակ անց գրառումը ջնջվեց, և Կիևի կորուստների մասին խոսքերը հանվեցին թե՛ տեսաուղերձից, թե՛ գրավոր հայտարարությունից։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի քարտուղար Բոհդան Սենիկը չի հաստատել Եվրահանձնաժողովի նախագահի ներկայացրած թվերը. «Մենք չենք հաստատում այս թվերը։ Մահացածների մասին տվյալները փակ են, միայն հատուկ լիազորություններով օժտված անձինք կարող են դրանք բարձրաձայնել»։