Միջազգային

ԵՄ-ն ևս կես մլրդ եվրո կտրամադրի Ուկրաինային

ԵՄ արտգործնախարարները Բրյուսելում համաձայնություն են ձեռք բերել՝ Ուկրաինային լրացուցիչ 500 միլիոն եվրոյի զենք և զինտեխնիկա տրամադրելու վերաբերյալ։ Գնումները և առաքումը կիրականացվեն Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Հանդիպման մասնակիցները միաձայն դատապարտել են ռուսական բանակի գործողությունները։ 

ԵՄ արտգործնախարարները քննարկել են նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը, այդ թվում՝ այդ երկրից նավթի մատակարարումների էմբարգոն։ Լեհաստանը և մերձբալթյան երկրները դեռևս պահանջում են ավելի կոշտ գործողությունների, օրինակ, Ռուսաստանի հետ առևտրի ամբողջական արգելք՝ ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ճանապարհով: Այնուամենայնիվ, ԵՄ որոշ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, ձեռնպահ են մնում հետագա քայլերից, հատկապես, որ դրանք ազդում են էներգակիրների մատակարարումների վրա։ Գերմանացի նախարարն առաջարկում է աստիճանաբար կրճատել դրանք. «Նավթի էմբարգոյի հարցը ոչ թե մեր ուզելու հարցն է, այլ՝ թե որքանով ենք կախված նավթից»,- ասել է Աննալենա Բուրբոքը։ Նրա խոսքով՝ Եվրամիության տարբեր երկրների համար դրա պատասխանը տարբեր է, ուստի կարևոր է, որ միասին խոսվի կայունության մասին, թե ինչպես կարելի է նվազեցնել նավթ ներկրող երկրների կախվածությունը։ «Օրինակ, Գերմանիան շատ է ներկրում, բայց կան այլ եվրոպական երկրներ, որոնք չեն կարող անմիջապես դադարեցնել նավթի ներկրումը։ Եթե ​​դա հնարավոր լիներ, մենք դա կանեինք ավտոմատ կերպով։ Բայց հիմա մենք պատրաստվում ենք նման քայլերի գնալ մոտ ապագայում», - ասել է Բորելը։ 

Արտգործնախարարները հաստատել են նաև Եվրամիության ռազմավարական անկախության ամրապնդման ծրագիրը։ ԵՄ առաջնորդները այս հարցերին կվերադառնան՝ հինգշաբթի և ուրբաթ օրը Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ներկայությամբ։