Հասարակություն

Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության, իսկ հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը։
 
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, ներկայացրել է անձամբ Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքները։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։
 
Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը` խոսելով այդ ուղղությամբ նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող քայլերի մասին: Վեսա Հակկինենն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար: