Հասարակություն

Առաջարկվում է մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չգանձել

ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է մինչև 1 մլն դրամի մաքսային արժեքով ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել:

Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նրա խոսքով, այս փոփոխությունը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ:

Ըստ Քերոբյանի. «Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսավարող սուբյեկտներին չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող ընդհանուր մաքսային արժեքը՝ 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները»:

Նրա խոսքով՝ փոփոխությունն ուղղված է նաև մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես վերոնշյալ իրավական կարգավորման շրջանակում տնտեսավարողները ցածր արժողությամբ ապրանքների արտահանման դեպքում ազատվում են պետական տուրքի վճարման պարտավորությունից: Ըստ նախարարի՝ դա կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի, ինչպես նաև առևտրի ավելացմանը: Ակնկալվում է, որ նախագծի ընդունման և կիրարկման դեպքում գործարար և ներդրումային միջավայրի վրա դրական ազդեցություն կլինի։