Հասարակություն

Վերջին օրերի ձյունը վնաս է հասցրել ծիրանենիներին

Վերջին օրերին հանրապետության ողջ տարածքում եղանակային կտրուկ փոփոխությունները խնդիրներ են առաջացրել գյուղատնտեսության ոլորտում։ Radar Armenia-ի հետ զրույցում Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նշեց, որ եղանակը վնասել է ծիրանի ծառներին. «Հատկապես Արևելյան Երասխի թևում, որտեղ ծիրանները մի փոքր բողբոջել էին, վնասը ավելի մեծ է»։

Տերտերյանի կարծիքով՝ ցրտահարությունից խոսափելու նպատակով ծխապատումը հին մեթոդ է. «Ծխապատումը հին մեթոդ է, չի օգնի։ Դա պետք է այն ժամանակ արվեր, երբ ցուրտ էր, բայց երկարաժամկետ ձյան դեպքում ծխապատումն արդյունավետ չէ»։

Ի տարբերություն Արարատի մարզի՝ Արմավիրում եղանակը գյուղատնտեսությանը վնասներ չի տվել։ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց. «Գյուղատնտեսությանը, խաղողի վազերին և պտղի տեսակներին վնաս չի հասցվել։ Մեր մարզում՝ մարտի 16-ի ցրտի հետևանքով, վնասվել են միայն ջերմոցների ելակները»։

Այվազյանի կարծիքով՝ Արմավիրում ծառերը ծխապատելու անհրաժեշտություն չկա. «Դա կլինի ծաղկման ժամանակ՝ ապրիլի սկզբին։ Եթե ցրտահարություն դիտվի, այդ ժամանակ ծխապատում կամ ոռոգում կարվի»։