Հասարակություն

«Օրական 5 գրամ աղը բավարար է». Ավանեսյան

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հանրային քննարկման դրված վերջին նախագծին, համաձայն որի՝ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին չպետք է աղամաններ տեղադրվեն, ու դրանք պետք է տրամադրվեն հաճախորդի պահանջով։

Ավանեսյանի խոսքով՝ այդ նախագծի շուրջ ոչ թե աղմուկ է բարձրացել, այլ հանրային քննարկում է սկսվել։ Ըստ նախարարի՝ նախագիծը պետք է դիտարկել առողջության պահպանման քաղաքականության շրջանակներում. «Սա ևս մեկ առիթ է՝ ուշադրությունը կենտրոնացնելու փաստի վրա, որ մենք աղի օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում, որը հանգցենում է մի շարք հիվանդությունների սրացման, քրոնիկ հիվանդությունների վատթարացման, և մենք պետք է վարքագծային փոփոխություններ մտցնենք՝ մեր առողջությունը պահպանելու համար»։

Նախարարն ընդգծեց՝ իրենց առաջարկությունները հիմնված են հետազոտությունների վրա. «Հանրային քննարկման ենք դրել, որ ստանանք առաջարկներ, հետաքրքիր լուծումներ, թե ինչպես կարող ենք վարքաբանական փոփոխոթյուն բերել, որպեսզի մեր քաղաքացիները ոչ թե ըստ սովորության աղ ավելացնեն, այլ որոշակի փոփոխություններ լինեն, որոնք կհանգեցնեն առողջության պահպանմանը։ Օրական 5 գրամ աղը բավարար է՝ յոդի ու օրգանիզմին անհրաժեշտ մնացած պաշարները հագեցնելու համար»։

Առողջապահական գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ քննարկումներ են նախաձեռնել ռեստորանային համակարգի ներկայացուցիչների, սննդաբանների, սպառողների շահերը պաշտպանողների հետ։