Քաղաքական

Խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ վերադառնալու հարցով հայտարարություն կանի առաջիկայում

Արդեն երկու օր է՝ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարում, որոնց, սակայն, չեն մասնակցում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ Երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ընդդիմադիր գործընկերները շարունակում են բացակայել։ Այսօր էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հերիքնազ Տիգրանյանն ուշադրություն հրավիրեց այդ հանգամանքի վրա։

Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն, անդրադառնալով իրենց՝ նիստերին չմասնակցելու վերաբերյալ մեկնաբանություններին, նշեց. «Երբ ընդդիմությունն է նախաձեռնում արտահերթ նիստ, իրենք չեն մասնակցում, բոյկոտում են, մենք էլ ենք ասում»։

Հարցին՝ խորհրդարանական ընդդիմությունն, ի վերջո, սեպտեմբերին կգնա՞ խորհրդարան, կամ եթե գնա, ի՞նչ օրակարգով է գնալու, Նազարյանն ասաց, որ առաջիկայում կլինի այդ մասին հայտարարություն. «Խմբակցության միասնական տեսակետը կհայտարարվի, և այդ ժամանակ հանրությունը կտեղեկանա. դա կլինի մինչև սեպտեմբերի 12-ը»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ սրա վերաբերյալ  մոտ օրերս հայտարարություն կտարածի խմբակցությունը։

«Այս պահի դրությամբ ավելին քան նախորդիվ ասել ենք՝ ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց Մամիջանյանը։

Հայկ Մագոյան