Քաղաքական

Խաղաղությունն ու պատերազմը կողք-կողքի քայլում են առավել սերտ, քան նույնիսկ 44-օրյա պատերազմից առաջ

Աշխարհաքաղաքական մարտահրավերների, տարածաշրջանային զարգացումների ու Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։

- Պարոն Բաբաջանյան, Արցախում ադրբեջանական ագրեսիայի ֆոնին պասիվություն է նկատվում Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Մի տեսակ արտառոց ու տարօրինակ լռություն չէ՞՝ այն համատեքստում, որ խորհրդարանական ուժերը 2 ամիս առաջ Արցախը փրկելու կոչերով էին հանդես գալիս, իսկ այս կարևոր պահին դաշտում չեն։

- Հայաստանը ռեգիոնալ աշխարհաքաղաքական իրողություններին անհամարժեք քաղաքական համակարգ ունի։ Հեղափոխությունից հետո, երբ Հայաստանը, ռեգիոնալ իմաստով, անհամեմատ մեծ սուբյեկտայնություն ուներ, ժողովրդավարական գործընթացների պատճառով առավել ընկալելի էր միջազգային հանրության համար, հայաստանյան քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխանական, բացառիկ հնարավորություն ունեին ղարաբաղյան կարգավորման հարցը ներքաղաքական դիսկուրսի թեմա դարձնել։

Այժմ Արցախի ապագան Հայաստանից գրեթե կախված չէ։ Ձեր մատնանշած սուբյեկտների գործուն ներգրավմամբ՝ Հայաստանը, ղարաբաղյան կարգավորման գործընթացում առավել նվազ դերակատարության կարող է ձգտել։ Նախ այն պատճառով, որ արցախյան խնդրի կարգավորման տխուր ժառանգության հեղինակը լինելով՝ ուղղակի չեն կարող Արցախը իրապես փրկելու հայտ ներկայացնել, և երկրորդ, այդ ուժերը չունեն ինքնուրույնություն, չեն առաջնորդվում Հայաստանի շահով, կամ՝ այդ շահը նույնացնում են երրորդ երկրի շահի հետ։

Ահա, այս պայմաններում, ամառային արձակուրդի այս եռուն շրջանում ակնկալել, որ օլիգարխներից, հարուստներից և օլիագարխներին սպասարկող շրջանակներից բաղկացած պատգամավորներն իրենց հանգիստը կթողնեն և, հանուն Արցախի փրկության, ներքաղաքական կյանքը կակտիվացնեն Արցախի փրկության օրակարգով, լուրջ չէ։ Թեև պետք է խոստովանեմ, որ այդպիսի ակտիվությունը կարող էր էապես օգնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի առավել հայանպաստ հաղթահարմանը։  

- Դուք քանիցս նշել եք, որ երկիրը ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից դուրս բերելու ո՛չ քաղաքականություն կա, ո՛չ՝ ռազմավարություն։ Հարց է ծագում՝ կա՞ երկրում ուժ, որը պատկերացում ունի՝ ստեղծված իրավիճակը կայունացնելու, այս դրությունից երկիրը դուրս բերելու քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար։

- Պետք է դառնությամբ արձանագրել և խոստովանել, որ վերջին պատերազմը մեր դուռը բախեց՝ ոչ միայն, որովհետև մի պահ համընկան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի ռեգիոնալ շահերը, այլև՝ գուցե այն պարզ պատճառով, որ Հայաստանի ներքաղաքական միջավայրը, ներհասարակական պառակտվածությունը չափազանց նպաստավոր էր՝ պատերազմում Հայաստանին և Արցախին պարտության մատնելու և այսպիսի օրհասական իրականության առջև կանգնեցնելու համար։

Անթույլատրելի է ներքաղաքական գործընթացն ազգային-ազատագրական պայքար հռչակելը և 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի կարգախոսներով հաջողություն ակնկալելը։ «Լաո»-ն արդի քաղաքական հարաբերություններում անելիք չունի։

Գործող խորհրդարանական ընդդիմության՝ վերջին ամիսների գործունեությունը դասական քրեստոմատիա էր այն մասին, թե ինչպիսին չպետք է լինի ընդդիմությունը։

Ձեր հարցադրմանը գալով ավելի առարկայական. արդյունավետ աշխատանքի սխեմաներ, ռազմավարություն կամ քաղաքականություն հնարավոր է ձևավորել միայն ներսում «միմյանց հետ» աշխատանքի միջավայր ստեղծելու դեպքում, երբ կկարողանանք ինստիտուցիոնալացնել և քաղաքականապես կապիտալիզացնել մեր տարբերությունները՝ առավոտից երեկո միասնականության ևհերոսականության մասին հռչակագրերի փոխարեն:

Առանձին հարց է այն, թե որքանով է ներկայիս հայաստանյան և ներհայկական քաղաքական միջավայրը համահունչ ռազմավարական մտածողությանը: Ի վերջո, կարևոր չէ միայն այն, թե ինչ ես ասում: Կարևոր է, թե որքանով ես զգում լսարանն ու որևէ բան ընկալել-չընկալելու տրամադրվածությունը:

Իմ համոզմամբ՝ այսօր առավել պրակտիկ է ռեսուրսները կենտրոնացնել համեմատաբար ավելի կարճաժամկետ հեռանկարի ուղղությամբ աշխատելու վրա: Բայց մի բանից թերևս պետք է հրաժարվել. դա «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» կարգախոսն է, որը կենաց է ու գավառ: Գավառի հիմքով հնարավոր չէ կառուցել մեծ, կենսունակ ռազմավարություն: Մեր խորքային խնդիրների հիմքը երեք տասնամյակ եղել ու շարունակում է լինել հենց գավառամտությունը:

«Հայաստանը մեր պետությունն է, ժողովուրդը՝ այդ պետության իրավունք և պարտականություն ունեցող քաղաքացիները»: Կարծում եմ՝ առաջնորդող մտայնությունը պետք է կառուցել պետության փիլիսոփայության հիմքով, եթե, իհարկե, նպատակը պետության ապագան է, ոչ թե՝ ապագա գավառը:

Հայկական հանրությունը քաղաքական ու հոգեբանական կոռուպցիայի մեջ է։ Թե՛ իշխանությունը, թե՛ իշխանամերձ, թե՛ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը անտրամաբանական վախի մեջ են ռուսներից, թուրքերից, ադրբեջանցիներից ու ցանկացած այլ մեկից, որն իրենց հետ կուզի գործ ունենալ։

Սա առաջացրել է ռազմավարական պարալիզ։ Վախենում են զինվել, ռազմավարություն մշակել, ենթակառուցվածք ստեղծել, երկիր պահել։ Հայաստանն աշխատում է ռեակտիվ ռեժիմով՝ ընկալում է միայն դրսից եկող որոշ իմպուլսներ, սեփական իմպուլս էլ չի արձակում։ Սա պետք է փոխվի։ Սփյուռքի ու Հայաստանի ֆինանսական ռեսուրսները պետք է ուղղվեն այդ վախն ու պարալիզը հաղթահարելու և հանրային-պետական ռեաբիլիտացման նպատակին։

- Ադրբեջանական կողմը պահանջում է լուծարել Արցախի պաշտպանության բանակը։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դրա իրագործումը։ Կա՞ Ադրբեջանի այդ պահանջին դիմադրելու ռեսուրս և հնարավորություն։

- Կառավարությունը պետք է միանշանակ ու աներկբա հայտարարի, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացումն անօտարելի է, ու որ Հայաստանի պետությունը հանձնառու ու հետամուտ է դրանց։ Հայկական կուսակցությունները պետք է սատարեն այդ հայտարարությանն ու իրենց քաղաքական պայքարն ուղղեն դրանց իրականացման նպատակին՝ այդտեղ մրցակցելով իշխանության հետ։

Արցախի անվտանգության երաշխավոր կարող են լինել միայն Արցախի պաշտպանության բանակն ու Հայաստանի զինված ուժերը։ Ուրիշ ոչ ոք՝ ոչ ռուս, ոչ բազմազգ, ոչ այլ օտար խաղաղապահ կամ օկուպացիոն ուժ նման դեր չի կարող կատարել։ Պնդել հակառակը՝ նշանակում է հանձնել Արցախն ու, ի վերջո, նաև Հայաստանը։

Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ Արցախի անվտանգությունն այլևս ուղիղ կապված է Հայաստանի ինքնիշխան գոյության, անկախ հարատևման հետ, որի երաշխավորը ռուսները չեն, ոչ էլ՝ ռուսների ճնշման տակ ստորագրած ինչ-որ թղթի կտոր կամ զանազան ենթադրյալ պայմանավորվածություններ։ Այդ երաշխավորը հայկական միացյալ պաշտպանունակ զինված ուժերն են ու Հայաստանի եկամտաբեր տնտեսությունը։ Դատարկաբանությամբ զբաղվելու փոխարեն ինքնուրույն պաշտպանական կարողություն պետք է ստեղծել՝ արդիական զենքով, տեխնոլոգիայով, մարտարվեստով, սպայական ու զինվորական կազմով։

Ռուսներին ազգային սահմանների պաշտպանություն կամ Արցախում «խաղաղապահ» մանդատ տալը տանում է ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի կործանման։ Սրանից ավել էլ ի՞նչ պետք է լինի, որ Հայաստանի ղեկավարությունը թափ տա իրեն։

- Դուք պնդում եք, որ ռեալ խաղաղություն կլինի, եթե Հայաստանը կարողանա լուծել ուժային հավասարակշռության խնդիրը։ Ինչպե՞ս եք տեսնում այդ լուծումը։ Ի՞նչ միջոցներով է հնարավոր այդ բալանսի ապահովումը։

- Բանակը, ռազմուժը դա վերին հարկն է, իսկ հիմքը՝ տնտեսությունը: Հետևաբար, երբ խոսվում է խաղաղության «նվաճման» մասին, անհրաժեշտ է դիտարկել ամբողջ շենքը, ըստ այդմ գնահատել Հայաստանի ուժի ծավալն ու շրջակա միջավայրի սպառնալիքների հետ դրա հարաբերակցությունը, ոչ միայն տվյալ պահի, այլ՝ ուժի պահպանման և գեներացման դինամիկայի համատեքստում: Այդժամ պարզ կլինի, որ խաղաղության՝ ուժով նվաճելու անվիճելի սկզբունքը, այդուհանդերձ, ինքնին ավելի շուտ հռչակագիր է, քանի որ, իբրև կենսագործունեության բանաձև, ենթադրվում է շատ ավելի բարդ ու բազմաշերտ մի մեխանիզմ ու պատճառահետևանքային կապ: Այդ առումով՝ պետք է ունենալ իրականության հետ առերեսվելու համարձակություն, որ Հայաստանը ոչ միայն այսօր, այլև վերջին երկու տասնամյակի ընթացքում, ավելի ու ավելի կորցրել է «խաղաղություն նվաճելու» ուժը: Հակառակ պարագայում, թերևս, Հայաստանի կառավարող համակարգը իր մի քանի բևեռներով բավարար ուժ կգտներ Հայաստանում իշխանության դիրքը պահելու համար: Հայաստանը չի ունեցել և այսօր էլ չունի խաղաղություն նվաճելու ուժ, և այդ ուժը ամենևին ավտոմատավորների քանակի մեջ չէ: Այդ ուժը պահանջում է համակարգ, որի հիմքում արդյունաբերական հզորություններն են: Իսկ արդյունաբերական հզորությունները ձևավորվում են տարիների ընթացքում: Այո, կարող ենք քննարկել ու քննադատել, թե ինչու չեն դրանք ձևավորվել մինչ այժմ: Սակայն դրանից որևէ կերպ չի առաջանում արդյունաբերական հզորություն, որը թույլ կտա Հայաստանին՝ մարտահրավերների ներկայիս ուժգնության ու բազմության, ուժերի հարաբերակցության պայմաններում ունենալ «խաղաղություն նվաճելու» բավարար ներուժ: Սա նշանակու՞մ է, արդյոք, որ Հայաստանը պետք է հանուն խաղաղության՝ համաձայնի իրեն ներկայացվող քաղաքական և ռազմա-քաղաքական պահանջներին: Իհարկե, ոչ: Եվ Հայաստանը չի էլ գնում այդ ճանապարհով, որքան էլ տարբեր նկատառումներով փորձ է արվում ստեղծել այդպիսի քարոզչական տպավորություն: Պարզապես, Հայաստանը ներկայիս համաշխարհային պատերազմի պայմաններում քայլում է Կովկասում չափազանց նեղացած մի արահետով, որտեղ խաղաղությունն ու պատերազմը կողք-կողքի քայլում են առավել սերտ, քան, նույնիսկ, 44-օրյա պատերազմից առաջ: Եվ այստեղ թյուրիմացություն է ընկալել, առավել ևս՝ այդ պատերազմից հետո, թե Հայաստանի խաղաղության սպառնալիքը Ադրբեջանն է, և պատերազմն էլ այստեղ լինելու է Հայաստանի դեմ: Պատերազմը լինելու է տարածաշրջանում լրջագույն դերակատարություն ունեցող ուժային կենտրոնների դեմ։

Հայաստանին ներկայումս ավելի շատ խաղաղ ժամանակ է պետք՝ ռեգիոնալ անվտանգության ճարտարապետության հարցում ավելի մեծ դերի հնարավորությունը վերականգնելու համար: Սա շատ բարդ ու նեղ արահետ է, սակայն չընդունելով մի ծայրահեղությունը՝ խաղաղություն ամեն գնով, հնարավոր չէ ընդունելի դիտարկել մեկ այլ ծայրահեղության մեջ ընկնելը՝ «մահ կամ ազատություն» տրամաբանությամբ:

Ի վերջո, մեզանում, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով, ամուր է դրվել «հանուն հայրենիքի կյանքը տալու» բանաձևն ու կենսափիլիսոփայությունը, որն, իհարկե, ծնել ու ծնում է բազում խիզախների և հերոսների, բայց, միևնույն ժամանակ մեզանում խախտված է կարևոր մի բալանս, ինչը կենսափիլիսոփայության մեկ այլ սկզբունքի՝ «հանուն պետության ապրելու» բանաձևի բացակայության հետևանք է:

Մինչդեռ, հենց այդ բանաձևն է, թերևս, որ պետք է տա այն ամբողջական ուժի, բալանսավորման հասնելու կարողությունը, որն արդեն, իբրև համակարգ, ի վիճակի կլինի նվաճել խաղաղության իրավունքը:

- Պարոն Բաբաջանյան, Արցախում Ադրբեջանի վերջին էսկալացիան ցույց տվեց, որ ռուս խաղաղապահները փաստացի չունեն լիազորություններ՝ պաշտպանելու արցախահայությանը՝ առնվազն պատասխան գործողությունների դիմելու առումով։ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել նրանց մանդատը։ Արդյո՞ք Ռուսաստանը իրապես ցանկանում է հաստատել այդ մանդատը, բայց չի կարողանում՝ պայմանավորված Ադրբեջանի մերժումով։

- Ակնառու է, որ խաղաղապահ առաքելությունն արդյունավետ չէ, այլապես Ադրբեջանը չպետք է ունենար ագրեսիայի համարձակություն: Այդ առնչությամբ, ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը զուգահեռ, նաև ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետությանն առնչվող կոշտ հարցադրումներն են միանգամայն օբյեկտիվ: Դրան զուգահեռ, կան շատ ավելի կոնկրետ իրողություններ ու հարցեր, և հայկական հանրությունը պետք է ստանա դրանց պատասխանը: Մասնավորապես, արդյո՞ք կոշտ գնահատականներն ի զորու են էական բան փոխել խաղաղապահների վարքագծում, ծառայության արդյունավետության հարցում:

Փոփոխություններ, թերևս, կարող են լինել, սակայն էական՝ հազիվ թե: Եվ դա ունի մի պարզ պատճառ՝ Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականության արդյունավետությունը էապես կախված է Ադրբեջանի հետ հարաբերության կառուցվածքից, և կոնֆլիկտն այստեղ Ռուսաստանի համար ամենավերջինն է, որ կարող է դիտարկվել:

Հետևաբար, այդ, ինչպես նաև՝ մի շարք այլ բարդ իրողություններ ու շերտեր ստեղծում են իրավիճակ, երբ մոլորություն է պատկերացնել, թե Ռուսաստանը Ադրբեջանի հանդեպ կիրացնի կոշտ խաղաղապահություն, առավել ևս՝ մի ժամանակաշրջանում, երբ հյուծող պատերազմի մեջ է Ուկրաինայում, իսկ այդ ընթացքում էլ Ադրբեջանը Արևմուտքի համար էներգետիկ ճգնաժամի հաղթահարման կամ մեղմման դիտարկվող աղբյուրների շարքում է:

Իրավիճակը շատ ավելի պարզ է. ցանկացած խաղաղապահ առաքելություն, խոշոր հաշվով, քաղաքական գործիք է, որը գերազանցապես ծառայում է տվյալ առաքելությունն իրականացնող քաղաքական սուբյեկտների հետաքրքրությանն ու ռազմավարությանը, և նոր միայն, դրա համատեքստում, խաղաղապահության ենթակա միավորին, այնքանով՝ որքանով: Ամեն ինչ, ըստ այդմ, կախված է տվյալ միավորի քաղաքական-դիվանագիտական աշխատանքից, իսկ անվտանգության սպառնալիքների առումով՝ սեփական պաշտպանունակության մակարդակից:

Արցախում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում Ռուսաստանի շահից, և Մոսկվան կոշտ քայլերի պատրաստ կլինի միայն այդ շահի ոտնահարման սպառնալիքի դեպքում: Իսկ դրանից «ներքև» լոկալ ռիսկերն ու սպառնալիքները, գոնե առայժմ, կենսական բնույթի են Արցախի համար, բայց դեռևս ոչ՝ Ռուսաստանի: Հետևաբար, այդ մակարդակում պաշտպանական, անվտանգային հարցերի ապավենը կարող է լինել միայն սեփական ուժը: Այսօր դա է Արցախի գլխավոր խնդիրը՝ ապահովել սեփական բանակի մարտունակությունը, ինչը չափազանց բարդ խնդիր է՝ հաշվի առնելով հետպատերազմական իրողությունները, բայց, գործնականում, այլընտրանք չունեցող խնդիր:

Միայն դրա շնորհիվ է հնարավոր նաև ապահովել իրավիճակ, երբ լոկալ սպառնալիքների քաղաքականություն վարող Ադրբեջանը, բախվելով դիմադրունակության, կամ պետք է անցնի արդեն ավելի լայնամասշտաբի, ինչը գործնականում արդեն կդառնա Ռուսաստանի խնդիրը, կամ կհրաժարվի այդ սպառնալիքներից: Իհարկե, այստեղ առաջանում է այլ վտանգ՝ ռուս-ադրբեջանական գործարքների վտանգը, բայց այդ վտանգը կա բոլոր դեպքերում, հետևաբար, այն չեզոքացնելու հարցում էլ չկա այլընտրանք, քան՝ սեփական պաշտպանունակությունը և, իհարկե, քաղաքական-դիվանագիտական աշխատանքի էֆեկտիվությունը բարձրացնելը: Ի վերջո, ցանկացած պաշտպանական ուժ ունի քաղաքական հենքի կարիք՝ այն իմաստով, որ պետք է պաշտպանի քաղաքականությունը, այլ ոչ թե «լցնի» քաղաքական պատասխանատվության և բովանդակության վակուումը, այդ թվում նաև՝ զինվորների անձնազոհ հերոսությամբ: