Մշակույթ

Փորձում եմ աշխատանքիս նայել այն աչքով, որով կնայեի ուրիշի աշխատանքին

Radar Armenia-ի զրուցակիցը դերասանուհի և հաղորդավարուհի Դիանա Մալենկոն է։ 

- Դիանա,  ի՞նչ ծրագրեր ունեք, այս փուլում Ձեր մասնակցությամբ նոր նախագծեր կա՞ն։

- Վերջին շրջանում զբաղվածությունս հետևյալն է` առավոտյան «Բարի լույս» եմ մաղթում «Արմենիա» հեռուստաընկերությամբ, ցերեկը լինում եմ Դրամատիկական թատրոնում, երեկոյան կա´մ ներկայացում, կա´մ քաղաքային կյանք, գիշերին մոտ` էլի հեռուստատեսություն: Կեսգիշերից հետո անձնական ժամեր են՝ երաժշտություն կամ կինո: Նախորդ տարվա աշխատանքներս այս տարի հերթով ծնվում են: Թատրոնում «Չուչել» ներկայացման պրեմիերան ունեցանք: Շատ եմ սիրել այս ներկայացումը: Կարծում եմ՝ յուրահատուկ աշխատանք է մեր դերասանական խմբի համար: 21-րդ դարի կարևոր խնդիրների մասին ենք խոսում այստեղ․ արժեհամակարգի անկման, ժամանակակից մարդու, վախկոտների ու հերոսների մասին: Անձամբ ես բեմադրության ընթացքում նաև մասնագիտական մեծ աճ ու դերասանական արվեստն ավելի խորը ուսումնասիրելու փորձ ունեցա: Մեր ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն էլ ասում է, որ կերպարս «լավ է նստել» վրաս։ Ճիշտն ասած՝ ես էլ եմ դա զգում ու, ամեն անգամ խաղալուց, փորձում եմ կոճակներն ավելի ճիշտ տեղերում կոճկել։ Իհարկե, այս ամենը Գրիգորի ու մեր խմբի օգնությամբ:

Մի կարևոր պրոյեկտ էլ ունեցա այս տարի, որը հիմա Եվրոպայի կինոփառատոներով է շրջում: Հիմա Փարիզում է «սրիկան», ափսոս՝ իր հետ չեմ: «The Heiress» ֆիլմի մասին է խոսքը: Ռեժիսորը Էվելինա Բարսեղյանն է: Ֆիլմի մտահղացումը շատ էի հավանել: Այն կատակերգական ժանրի է, սակայն անդրադառնում է մի շարք լուրջ խնդիրների, օրինակ՝ սեռով պայմանավորված սելեկտիվ աբորտների անթույլատրելիությանը: Պատկերացնու՞մ եք, եթե չեմ սխալվում, սելեկտիվ աբորտներ իրականացնող 21 երկրների շարքում Հայաստանը 3-րդ հորիզոնականում է՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո: Ախր ամոթ է, հին քաղաքակրթություն ունեցող ազգ ենք: Հասկանում եմ, գոյություն ունի Կովկասի ժողովուրդներին հատուկ հոգեկերտվածք, բայց սա մենթալ կրթության ցածր մակարդակի մասին է վկայում: Ֆիլմն ուղիղ կերպով ցույց է տալիս ամբողջական պատկերն՝ այլ տեսանկյունից: «Ճանապարհորդությունից» հետո, հույս ունեմ, ֆիլմը համացանցում կտեղադրվի ու հասանելի կդառնա բոլորին: Կինոն հրաշալի գործիք է՝ թվով շատ մարդկանց կարևոր թեմաներ պատմելու համար: 

Սեպտեմբերին էլ նոր ֆիլմիս եմ սպասում: Կոչվում է «Սևազգեստ կանայք»: Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը էլի մի մեծ պատմություն է գտել այս փոքր քաղաքում: Գոռը սովորել է ԱՄՆ-ում, ու աշխատելու ընթացքում դա շատ էր զգացվում: Օրինակ, Մհեր Մկրտչյանի դեպքում բախտս բերեց՝ ռուսական կինոարտադրության մասին պատկերացում կազմելու առումով: Այստեղ էլ ամերիկյան կինոարտադրության աչք ու շունչ կար: Շատ եմ սիրում Գոռի կադրային ու մոնտաժային պատկերացումները: Ֆիլմի պատմությունը տեղային չէ, բայց բնավորությունը հայկական է: Կանխազգացում ունեմ, որ ֆիլմը մեծ դիտելիություն է ունենալու:

- Նոր նախագծերի առաջարկներ շա՞տ եք ստանում։

- Կպատասխանեմ այսպես. հիմա ավելի շատ ֆիլտրված առաջարկներ եմ ստանում, ինչին ձգտում էի բավական ժամանակ: Աշխատանքային գործունեությանս մեջ հստակություն է եկել ժամանակի հետ, ինչն ինձ դուր է գալիս: Շուկան ճանաչում է իմ պահանջները, ես էլ՝ շուկայի: Մի խոսքով՝ լավ հարաբերություններ ունենք:

- Ո՞ր դեպքում եք համաձայնվում, ի՞նչն է կարևոր ձեզ համար՝ առաջարկին համաձայնվելու հարցում։

- Այս շրջանում ինձ համար առաջնահերթ է, թե ինչ մասնագիտական կամ անձնական աճ կտա ինձ աշխատանքը: Սովորելուս տարիներին ահագին բան եմ բաց թողել, հիմա փորձում եմ լրացնել: Դա ամենաշատն է հետաքրքրում: Ուզում եմ ավելի մասնագիտանամ այն ամենում, ինչ անում եմ: Կան նաև պրոյեկտներ, որոնց համաձայնում եմ պահի հարմարավետության համար, ոմանց էլ, իհարկե, գումարի, բայց փորձում եմ բալանսը պահել: Իսկ թե ինչն է կարևոր, հստակ գիտեմ: Պետք է և՛ կյանքում, և՛ աշխատանքում գտնես «քո մարդկանց»: Միայն այդ դեպքում կարող ես մեծ գործեր անել, մանավանդ, եթե կոլեկտիվ արվեստի ներկայացուցիչ ես:

- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեր արած յուրաքանչյուր աշխատանք Ձեզ լիովին դուր չի գալիս։ Ինչու՞։

- Փորձում եմ աշխատանքիս նայել այն աչքով, որով կնայեի ուրիշի աշխատանքին: Երբեմն ոգևորվում եմ ստացվածով, երբեմն՝ նյարդայնանում արածով: Վերջինը՝ ավելի հաճախ: Մի պահ էլ կա, օրինակ, կինոյի դեպքում (շատ եմ սիրում ու նայում)։ Վերջերս վերանայում էի Խավիեր Դոլանի «Laurence Anyways» ֆիլմը: Սյուզան Կլեմենտի խաղից հետո դժվար է դառնում ինքդ քեզ էկրանին տեսնելը: Հուսամ՝ փորձի, սովորելու հետ ավելի կհեշտանա։ Կամ էլ Քոլին Ֆիրթին հիշեցի Թոմ Ֆորդի «A Single Man» ֆիլմում: Ինչպիսի՜ մանր միմիկական խաղ, ինչպիսի՜ ապրումներ: Իր հետ միասին սրտի կաթված ես ստանում: Օօօ՜, բա Թիլդան՝ «Human Voice» ֆիլմում: Ինչպիսի հրաշալի մոնո-ներկայացում՝ ալմոդովարյան ոճով: Մի խոսքով, կարծում եմ, հասկանալի է՝ ինչի մասին եմ խոսում: Շատ եմ ոգեշնչվում լավ արվեստից ու ուզում եմ՝ իմ ստեղծածն էլ մի օր ոգեշնչի:

- Նաև տեղյակ ենք, որ մերժում եք սերիալներում նկարահանվելու առաջարկները. ինչո՞ւ։

- Ես չեմ մերժում կինոյի այդ ժանրը, հակառակը, շատ սիրում եմ: Ուղղակի իմ պատկերացրած սերիալին կամ սիտկոմին, որտեղ կցանկանայի նկարահանվել, չեմ հանդիպել դեռ: Ֆինանսից շատ բան կախված լինելու փաստը հասկանում եմ, բայց չեմ հասկանում այն փոխհարաբերությունները, ներկայացված միջավայրը կամ ֆիլմերի ստիլիստիկան, որը հիմնականում այսօր կա: Աշխարհում էլ լիքը խնդիրներ կան, հատկապես՝ հոլիվուդյան բլոքբաստերների դեպքում: 10-ից 9-ը նայելու բան չեն: Կամ նույն սերիալների ու ֆիլմերի մասին խոսեմ, որոնք նկարահանվել են 90-ականներին և հիացրել մինչ օրս: Վերջին տարիներին ո՛ր կինոընկերությունը որոշեց նկարահանել դրանց շարունակությունը, տապալվեց: Կոմերցիան, արևմտյան նոր ստանդարտները և անկեղծ մտքի բացակայությունը կինոյում հիմա շատ ընդգծված են: Ինչ լավ է՝ այս ամենի կողքին կան վարպետներ, որոնք իրենց հեղինակային ֆիլմերն են ստեղծում: «Հեղինակային ֆիլմ» արտահայտության համար իմ լավ ընկեր, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը հաստատ կվիճեր ինձ հետ, բայց, կարծում եմ, ճիշտ է ներկայացնում այն տարբերությունը, որի մասին խոսում եմ:

- Այսօր մայրաքաղաքում ինչպե՞ս եք գնահատում մշակութային կյանքը: Երիտասարդությունը որքանո՞վ է հետաքրքրված դրանով և որքանով է ներգրավված։

- Սիրում եմ Երևանի գաղտնի մշակութային կյանքը. այնքա՜ն պատմություններ կան: Յուրահատուկ մարդիկ, որոնք ստեղծում են մեր քաղաքային միջավայրը: Երկրի տարբեր անկյուններում յուրօրինակ մշակութային կյանք կա:

Երիտասարդության բոլոր օղակները, կարծում եմ, գտնում են իրենց հետաքրքիր թեմաները: Օրինակ, էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար Հայաստանը ցանկալի վայրերից մեկն է դարձել: Հրաշալի արտիստներ կան, որոնք ոչ միայն ներկայանում են այստեղ, այլև՝ մնացել ու ժամանակավորապես ապրում են Հայաստանում: Մենք էլ նոր ընկերներ ենք ձեռք բերում, իրարից սովորում, նոր գործեր են ծնվում: Շատ կուզենայի մշակութային բոլոր ոլորտները զարգանային: Օրինակ, դրսից բերված լավ ներկայացումներ ավելի հաճախ տեսնեինք, ավելի հաճախ մենք գնայինք հյուրախաղերի: Երազում եմ՝ մի օր այստեղ տեսնել, օրինակ, «Օպերայի ուրվականը» կուլտային մյուզիքլը, կամ Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետի ներկայացումներից մեկը: Այս ամենի պարագայում մեր երիտասարդների երազանքներն էլ մեծ կլինեն ու հետագայում ավելի շատ անուններ կունենանք, որոնցով կհպարտանանք: Արվեստը պետք է անկախ լինի, որ չկորցնի իր ազնվությունը, բայց արվեստին նաև մենեջեր է պետք, որ կայանա:

Անուշ Մկրտչյան