Վերլուծություն

Մինսկի խմբի վերակենդանացումը Հայաստանի համար փայլուն հնարավորություն է

Երևանը պատասխանել է Բաքվից փոխանցված առաջարկներին և դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար: Ընդ որում, ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ հատուկ նշվել է, որ բանակցությունների շրջանակը Երևանը պատկերացնում է ՄԱԿ կանոնադրության, «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային» դաշնագրի և «Հելսինկյան եզրափակիչ ակտի» շրջանակներում:

Սա, փաստորեն, անուղղակի պատասխան է Բաքվի առաջ քաշած 5 կետերին, որոնցում, բնականաբար, ուղիղ խոսք անգամ չկա ազգերի ինքնորոշման սկզբունքի և դրանից բխող՝ Արցախի կարգավիճակի մասին։ ՀՀ ԱԳՆ-ի նշած շրջանակները ներառում են Արցախյան բանակցային գործընթացի երեք հիմնարար սյուները՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները։ Այսպիսով, Հայաստանն, առնվազն սկզբունքների մակարդակում, փորձում է պատուհան բաց պահել՝ Արցախի ապագա որևէ քաղաքական կարգավիճակի համար։

Ինչ վերաբերում է, ընդհանրապես, Մինսկի խմբի համանախագահությանը դիմելու գաղափարին՝ անհրաժեշտ է ընգծել, որ դա փորձ է՝ ընտրելու լավ տարբերակը։ Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցությունները, հաշվի առնելով Ռուսաստանի տարածաշրջանային դերը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայված լինելը՝ մի կողմից, և Թուրքիայի աճող տարածաշրջանային ազդեցությունն ու Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը՝ մյուս կողմից, անխուսափելիորեն հայտնվելու են Ռուսաստան-Թուրքիա տանդեմի ազդեցության տակ։ Դա ամենավատ տարբերակն է, որից խուսափելու հնարավորությունը հենց Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց Ուկրաինայում սկիզբ առած ռազմական գործողություններն աննախադեպ լարվածություն են ստեղծել Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում։ Կարևոր է ըմբռնել, որ Մինսկի խմբի ձևաչափի առանցքը հենց Ռուսաստան-Արևմուտք աշխատանքն է, և, անգամ ձևաչափային կամ կազմի փոփոխության պարագայում, այն պետք է պահպանվի։ Ցավոք, այս պահին քիչ հավանական է որևէ հարթակում Ռուսաստան-Արևմուտք համագործակցությունը. Մինսկի խումբն այժմ, պայմանական ասած, գտնվում է ռեանիմատիվ վիճակում։

Համադրելով մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի և մարտի 10-ին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները՝ կարելի է արձանագրել, որ, առնվազն խոսքի մակարդակում, կողմերը պատրաստակամություն են հայտնում՝ կարճաժամկետ կտրվածքում հասնել խաղաղության պայմանագրի կնքման։ Այս առումով՝ միջնորդների առաջնային պարտականությունն է՝ այդ պատրաստակամությունը բերել սկզբունքների ընդհանուր դաշտ։ Եթե ձևավորված միջնորդային առաքելությունը ունակ չի լինում դա անելու, նշանակում է՝ անհրաժեշտ են կազմի ու ձևաչափի փոփոխություններ։ Սա հայտնի չափով կչեզոքացնի նաև Մինսկի խմբի համանախագահության հանդեպ Ադրբեջանի բոյկոտող վերաբերմունքը։ Հայաստանի համար սկզբունքային պետք է լինի, սակայն, Արևմուտքի ներկայությունը նոր ձևաչափում։

Այս առումով՝ հույս է ներշնչում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներում Ֆրանսիայի ԱԳՆ-ի դիրքորոշումը, այն է՝ Ֆրանսիան, նաև՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստ է ջանքեր ներդնել՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին։ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրները ևս՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, Երևանի դիմումից հետո խաղաղության գործընթացին աջակցելու պատրաստակամություն են հայտնել, սակայն երեք երկրներն այդպես էլ չեն հստակեցնում՝ կկազմակերպե՞ն Մինսկի խմբի շրջանակում Հայաստան-Ադրբեջան բանակցությունները, թե՞ ոչ։

Հարկավոր է արձանագրել, որ Մինսկի խմբի համանախագահությունը կամ դրա՝ որոշակիորեն փոփոխված տարբերակը, Հայաստանի համար առավել նախընտրելի հարթակ է՝ խաղաղության բանակցությունները վարելու առումով։ Մնում է հուսալ, որ կա՛մ աշխարհաքաղաքական իրավիճակը կմեղմվի, կա՛մ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում կգրանցվեն հաջողություններ, և Հայաստանը ևս մեկ անգամ կորցնողի դերում չի հայտնվի ռուս-թուրքական պայմանավորվածությունների արանքում։

Արեգ Քոչինյան